ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը նախօրեին վայր դրեց պատգամավորական մանդատը: Գուցե իրավիճակը սթա՞փ է գնահատել և չի ուզում կրել «դավաճան իշխանության» պիտակը, հասկացել է հանրային տրամադրությունները: Նման հարցեր և ենթադրություններ, բնականաբար առաջացան մարդականց մոտ: Բայց իմքայլականը շտապես պարզաբանել. «Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով»:
Թե կոնկրետ ինչ նոր պաշտոնի մասին է խոսքը, նա չէր հստակեցրել՝ նշելով, որ գործընկերների հետ ընթանում են քննարկումներ:
Իսկ քննարկումները հետևյալի մասին են եղել, Արամ Խաչատրյանին խոստացել են մարզպետի պաշտոնը, եթե նա կարողանա ոչ ավել ոչ պակաս՝ ցրել Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերը: Նշենք, որ Խաչատրյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նշանակվել էր Լոռու մարզպետի տեղակալ, արտահերթ ընտրություններից հետո անցավ օրենսդիր մարմին, բայց Խաչատրյանի սիրտը, պարզվում է, մարզպետի պաշտոն է ուզում, և նա ակտիվորեն լծվել է այդ գործին՝ ոչինչի առաջ չկանգնելով:
Դեկտեմբերի 8-ին ևս բողոքի ակցիաներ և անհնազադության գործողություններ էին հանրապետության ամբողջ տարածքում: Երևանում ու մարզերում փողոցներ էին փակվում, ավտոերթեր էին լինում, գործադուլներ և դասադուլներ: Լոռու մարզում ևս բողոքի ակցիա էր Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Ինչպես շատ տեղերում, այստեղ էլ առանց սադրիչների չանցավ: Հետաքրքրական էր, սակայն սադրիչների կազմը: Այսպես, իրենց բողոքը արտահայտող քաղաքացիներին պիտակավորում և հրահրում էին նախարար Սուրեն Պապիկյանի բարեկամը, իմքայլական արդեն նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանի մորաքրոջ որդին, որը Լոռու մարզում առավել հայտնի է «Դոդոշ» մականունով և նրանց շրջապատից մեկ այլ քաղաքացի, որը հայտնի է «Բատատ» մականունով (նրանց ներկայացնում ենք տեսանյութում և լուսանկարներում)։ Ըստ Լոռվա օդում կախված լուրերի, ցույցը ցրող եռյակին ևս պաշոտններ են խոստացել մարզպետարանում:
Ի դեպ, Արամ Խաչատրյանը Վանաձորում հայնտի «ժողկրթբաժնի Մայիսի» որդին է: Մայիս Խաչատրյանը տարիներ շարունակ ղեկավարել է «Լոռու դպրոց» հիմնադրամը, իսկ Արամ Խաչատրյանի կինը այդ հիմնադրամի գործավարն է: Հիմնադրամի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Մամուլը փաստեր էր հրապարակել, որ տարիներ շարունակ մարզի դպրոցների ավելի քան 3000 աշխատակիցների, այսպես ասած՝ կեղտոտ աշխատավարձի մեկ տոկոսը հարկադրաբար գանձվել է որպես «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների վճար։ Դեռևս պարզ չէ, թե ինչ փուլում է այս գործը:
Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի պաշտոնանկության մասին մամուլը արդեն գրել է: Իսկ նշանակումները այս նոր մեխանիզմով, կարծես օրինաչափ են: Օրեր առաջ գրել էինք, որ Արարատի մարզպետի պաշտոնն էլ խոստացել են Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հորը՝ գործարար Ռազմիկ Թևոնյանին։«Հրապարակ» թերթն» իր հերթին գրել էր․«Երեկ, կեսօրից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։ Իշխանությունը, պարզվում է, լրջորեն պատրաստվել էր այդ ակցիաներին․ ոստիկանական մեծաթիվ զորքերից բացի, ջարդարար բրիգադներ էին հանվել, որոնք ֆիզիկական բռնության միջոցով ցրում էին ցուցարարներին։ Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երևան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրը՝ գործարար Ռազմիկ Թեւոնյանը։ Նա եւ իր հրոսակախումբը, բառի բուն իմաստով, անցել էին ձեռնամարտի, որ բացեն փակված ճանապարհը»։
Ստացվում է՝ «Նիկոլի» Հայաստանում պաշտոնի նշանակաման «հին ձևը» չի գործում․ հիմա պարտադիր է ոչ թե քայլած լինելու, այլ հակաիշխանական ցույցեր ցրելու հանգամանքը, և ինչպես երևում է՝ մրցակցությունը թեժ է:
Այս և այլ արդեն փոքրաթիվ գործիչներ ամենուր համոզում են որ Փաշինյանի հրաժարականի պահանջ հասարակության մեջ չկա, սակայն դիտելով իրականում ովքե՞ր են աջակցում Նիկոլ Փաշինյանին, ակնհայտ է, որ եթե անգամ այդ մարդկանց՝ երբեմնի թիմակիցներին և աջակիցներին, չեն կարողանում պահել կողքները, կաշառում են խոստանալով նոր, ավելի «յուղոտ» պաշտոններ։ Իսկ այդ ամենի արդյունքում, ստացվում է, որ Փաշինյանի հույսը Պապիկյանի բարեկամն է, «Դոդոշը» և «Բատատը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը