25 08 2020

Արսեն Թորոսյանի հրաժարականի հնարավոր պատճառները. Ուշագրավ մանրամասներ

Արսեն Թորոսյանի հրաժարականի հնարավոր պատճառները. Ուշագրավ մանրամասներ

 

Ազգային Անվտանգության ծառայությունը հերքում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու մասին տեղեկությունները՝ հավելելով, որ դրա համար հիմքեր չկան: Այս մասին հատուկ ծառայությունից հայտնեցին Yerevan.Today-ին՝ մեր մյուս հարցադրումներին խոստանալով պատասխանել ավելի ուշ:

Նշենք, որ Yerevan.Today-ը ԱԱԾ-ից հետաքրքրվել էր նաև կորոնավիրուսով պայմանավորված վերապրոֆիլավորված ԲԿ-ների աշխատակիցներին ԱԱԾ կանչելու մասին տեղեկատվության մասով, բայց այս մասին ավելի ուշ:

Մինչ ԱԱԾ-ն հերքում է Արսեն Թորոսյանի կանչվելու մասին տեղեկությունները՝ նախարարության աբյուրներից հետաքրքրիր մանրամասներ հայտնվեցին շրջանառության մեջ:

Մասնավորապես, Yerevan.Today-ին հայտնի են դարձել որոշ դրվագներ, որոնք ըստ աղբյուրի պնդման՝ առնչվում են մի քանի ԲԿ-ներից ստացված կորոնավիրուսի տվյալների կեղծման հետ: Դրվագներից մեկով թեման առնչվում է հատկապես երևանյան ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներին ու ԿՏ հետազոտությունների իբր ուռճացված թվերին: Ընդ որում այս թեմայի մեջ ըստ նրա թաթախվել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը, Նորքի ինֆեկցիոն կենտրոնը և ևս մեկ կենտրոն, բայց զարմանալիորեն իրեն հեռու է պահել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Ուշագրավ է, որ խմիչքների հայտնի բրենդերի կեղծման մեջ նախկինում ու հիմա մեղադրվող Սամվել Ալեքսանյանը չի մտել իշխանության ներկայացուցիչների հետ խաղի մեջ, և սա ասում են , խիստ զարմացրել է նաև ԱԱԾ աշխատակիցներին: Մինչդեռ Նորքի ինֆեկցիոն կենտրոնի արդեն պաշտոնանկ արված ղեկավար Մհեր Դավիդյանցը, ըստ նույն աղբյուրի, ընդդիմանալով, կոնֆլիկտների մեջ մտնելով նախարարության հետ՝ այդուհանդերձ թույլ է տվել, որ իր ղեկավարած բուժհիմնարկում բացվեն կորոնավիրուսով հիվանդների բժշկական պատմություններ , ընդ որում ճիշտ այն ժամանակ, երբ այդ վարակակիրները  իրականում գտնվել են մեկուսարաներում , այսինքն՝ հյուրանոցներում:

Աբսուրդն այն է, որ կորոնայի բռնկման օրերին 5 աստղանի կարանտինային վայրով հպարտացող վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ էր իր լայվերին բազմաթիվ անգամներ հայտարարում, որ մեկուսարաններում մարդիկ չեն բժշկվում, նրանց հիվանդությունը վարող մասնագետները միայն ջերմաչափում են իրականացնում, այդքան բան: Ստացվում է՝ բացառապես ջերմաչափվող վարակակիրների համար, այդուհանդերձ, Նորքի ինֆեկցիոն կենտրոնում բացվել են «իստորիաներ», ավելին՝ նրանց բուժման համար բյուջեից գումարներ են իջեցվել՝ հակառակ վարչապետի պնդումների:

 Մենք այս առնչությամբ փորձեցինք տեղեկատվություն ստանալ Մհեր Դավիդյանցից, բայց նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ընդգծելով, որ որպես մասնագետ պատրաստ է բացառապես մասնագիտական թեմաներով հեռախոսով խորհրդատվություն տալ, իսկ ԱԱԾ կանչվելու, Պարետի որոշմամբ իբր իրեն տուգանելու տեղեկությունների մասով որևէ բան չասաց:

Ամեն դեպքում մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ իրականում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սկսել էր սեղմվել դեռ հուլիս ամսվա կեսերից: Առիթը, ինչպես կանխատեսվում էր, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանոցային ծախսերն են ու որոշ անճշտություններ, որոնք ամբողջությամբ հակասել են նախարարի փաթեթավորած տեղեկատվությանը: Այս ամենը բացահայտվել է նամակ-հաղորդագրությունների միջոցով: Աղբյուրի փոխանցմամբ կծիկը բացահայտվել է նախարարության համակարգիչներից մեկին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժկակական կենտրոնի ղեկավարության էլեկտրոնային հասցեներից ստացված ինչ-որ խորհրդավոր նամակից հետո: Հաղորդագրության հեղինակը անզգուշորեն կամ գուցե հենց միտումնավոր նախարարությանն է հաղորդել տեղեկատվություն, այդ թվում բողոք, և դրան հետևել են որոշ ստվերային հանդիպումներ՝ Կառավարությունում:

Այս եռանկյունու մյուս կողմի՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ղեկավարությունից որևէ մեկը մեր զանգերին չպատասխանեց, և չկարողացանք պարզել՝ որքանով են նախարարության հետ նամակագրությունների, ծանրակշիռ նվերների շուրջ փոխադարձ պայմանավորվածությունների  մասին շրջանառվող տեղեկությունները հավաստի: Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը դեռ մեկ տարի առաջ արդեն իսկ հայտնվել էր Ազգային Անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում՝ «Պետական վերահսկողական ծառայություն-Դավիթ Սանասարյան-Դոն Պիպո հեմոդիալեզի սարքավորումներ» աղմկոտ պատմության քրգործով: Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը չէր հերքել իր և Արսեն Թորոսյանի միջև եղած նամակագրության մասին, ավելին ասել էր, որ շուտով մեծ բացահայտում ունի անելու, ինչը մինչ օրս ուշանում է, թեև գործը մտել է դատարան:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ