21 04 2020

Տիգրան Սարգսյանը ժամանակին խնայել է ԿԲ նորընտիր նախագահին

Տիգրան Սարգսյանը ժամանակին խնայել է ԿԲ նորընտիր նախագահին

Մարտին Գալստյանին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ դարձնելու Փաշինյանի որոշումը ցույց տվեց, որ կադրային սովը ստիպում է վարչապետին հաղթահարել նախկինների հանդեպ ֆոբիայի սուր զգացողությունը:

Ու պետք է նկատել՝ որքան էլ Փաշինյանն ու իր թիմակիցները այս պրիզմայով տարանջատում են նախկին «թալանչիներին» ու «քայլած վաստակավորներին», այդուհանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ բարձր պաշտոնների համար Կառավարությունն առաջադրում է հենց նախկին իշխանության կադրերին: Մարտին Գալստյանը նրանցից մեկն է, նախկին իշխանության օրոք է դարձել ԿԲ-ի պաշտոնյա, նրանց օրոք` 1998-ից կարիերա է կերտել ու գործնականում հասել է մեծ հաջողությունների:

Իսկ ինչո՞վ էր աչքի ընկել Մարտին Գալստյանը, որ կարողացավ այդ կարևորագույն պաշտոնին նշանակվել հենց նա: Չէ՞ որ, հայտնի է՝ Փաշինյանի համար գիտելիքների բազան ու գործնական հմտությունները ամենևին էլ որոշող չափանիշը չեն՝ կադրի ընտրության հարցում, սրանում բազմիցս ենք համոզվել:

YerevanToday-ին հայտի են դարձել տվյալներ, որոնք կարող էին գործոն դառնալ հենց Մարտին Գալստյանի ընտրության հարցում: Հայտնի է, որ սահմանափակ կենսագրությամբ այս պաշտոնյան Լևոն Տեր-Պետրոսանի համախոհ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ դստեր ամուսինը, բացի այդ՝ նաև ակտիվ մասնակից է եղել 2008-ի քաղաքական պրոցեսներին: Ակտիվ է եղել Մարտին Գալստյանի մասնակցությունը ցույցերի ու անգամ՝ ոստիկանների հետ բախումների ժամանակ՝ ընդհուպ այն աստիճան, որ մարմնական լուրջ վնասվածք է ստացել բախումներից մեկի ժամանակ՝ թևի կոտրվածք: Եվ պետք է ընդգծել, որ տվյալ շրջանում Մարտին Գալստյանը ԿԲ-ում լուրջ պաշտոն էր զբաղեցնում։ Փաստորեն, ԿԲ վիճակագրության վարչության պետը միաժամանակ ներկայանում էր աշխատանքի, զուգահեռաբար ներգրավված էր նաև ընդիմության կողմից կազմակերպվող ցույցերին ու քաղաքական զանազան ակցիաներին ( ԿԲ մասին օրենքով, ղեկավար կազմին է վերապահված պահպանել քաղաքական չեզոքություն):  

Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո ԿԲ ցուցարար պաշտոնյա Մարտին Գալստյանը շարունակել է աշխատանքի գնալ՝  վիրակապված թևով, հաջողացրել է պահպանել պաշտոնական դիրքը՝ մինչև 2015 թվականը, որից հետո, դարձյալ նախկինների օրոք, տեղափոխվել է Դիլիջան՝ նշանակվելով ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավարը: Այնուհետ, ԿԲ խորհրդի անդամ դարձավ արդեն հեղափոխությունից հետո՝ 2018-ին:  

Համակարգի ներսում հիշում են, թե ինչպես էին մարտի 1-ի դեպքերից հետո մի կարճ շրջան սպիտակ ագռավի պես վերաբերում ցուցարար վարչության պետին, սակայն մթնոլորտը ցրել է այդ ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը. նա հայտարարել է, որ սույն անձը կաշկանդված չի կարող լինել իր քաղաքական հայացքների համար, ու թեման  միանգամից փակվել է:

Ինքն անձամբ հակված չէ որպես ԿԲ նախագահ այդքան ազատություն տալ իր ենթականերին,, ինչը սիրահոժար իր նկատմամբ թույլէ տվել նախկին իշխանությունը  և ժամանակին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, YerevanToday-ի հետ կարճ զրույցում խոստովանեց պարոն Գալստյանը:

«Կենտրոնական բանկը չափազանց կոնսերվատիվ կառույց է, ու ես, որպես ԿԲ նախագահ, փորձելում եմ մաքսիմալ զերծ մնալ որևէ պրոցեսի ներգրավվածությունից, որպեսզի կառույցը պահպանի իր անկախությունը և գործողություները կուղղորդվեն բացառապես անկախության հունով: Իհարկե, ԿԲ մասին օրենքում չի ընդգծվում ծառայողների քաղաքական հայացքները սահմանափակող դրույթ (ղեկավար կազմի դեպքում է բացառում քաղաքական կուսակցություններին անդամագրումը),  Սահմանադրությունն է մեզ ընձեռում այդ հնարավորությունը, որպեսզի բոլորս ունենանք մեր անկախ քաղաքական հայացքները, սակայն դա չպետք է խանգարի ԿԲ աշխատանքային պրոցեսին»,- նշեց Մարտին Գալստյանը: 

Իսկ եթե այսօր քաղաքական պրոցեսներ զարգանան Երևանի փողոցներում, ինչպե՞ս իրեն կդրսևորի իշխանությունը գործից միտինգերի վազող և աշխատանք վերադարձող պետծառայողի հանդեպ:

Փորձեք մի պահ Մարտին Գալստյանի օրինակով պատկերացնել՝ արդյո՞ք ի վիճակի է Փաշինյանը հանդուրժել իր կառավարման տակ գործող պաշտոնյայի այլախոհությունը։ Իհարկե՝ ոչ։ Անհնար է։

Չմոռանանք՝ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարին ֆեյսբուքում լայք դրած ոստիկանին աշխատանքից ազատման միջադեպը, կառավարության պաշտոնյայի ազատումը՝ դարձյալ Քոչարյանի ելույթը սոցցանցում հավանելու համար, Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի հեռացումը՝ նույն երկրորդ նախագահի հետ նկարվելու համար: Ի վերջո, բոլորի աչքի առաջ է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նենգորեն պախարակելու ամենաթարմ օրինակը։ Հիշեք, թե ինչպես էին հակաքրիստորենական բառամթերքով ու ստորաքարշ մեկնաբանություններով հարձակում գործել հոգևոր առաջնորդի վրա: Վեհափառին վիրավորեցին Փաշինյանն ու իր թմի անդամները, ինչ է թե «հանդգնել էր» դատական համակարգին ուղղված մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու կոչ հնչեցնել:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ