10 12 2018

Հայաստանում մարդկանց եկամուտները 2000-ականներին ավելացել էին 9 անգամ

Հայաստանում մարդկանց եկամուտները 2000-ականներին ավելացել էին 9 անգամ

Երբ խոսում են մարդկանց լավ ապրելու մասին, խոսողների գերակշիռ մեծամասնությունը չի հասկանում` ինչպե՞ս կարելի է բնորոշել, թե որ երկրում է բնակչությունը լավ ապրում: Ընդ որում, «լավ»-ի մասին պատկերացումներն էլ են հարաբերական։ Մեր պատկերացմամբ, բարեկեցիկ կյանքով ապրող Ֆրանսիայում այս օրերին տեղի ունեցող փողոցային ցույցերի և անկարագությունների պատճառներից գլխավորն այն է, որ ֆրանսիացիները դժգոհ են իրենց «լավ» կյանքից։ Բավական էր վառելիքի վաճառքի վրա չնչին հարկային բարձրացում և պայթեց դժգոհություն։

Սակայն վերադառնանք Հայաստան, որտեղ սոցիալական գործոնը քաղաքական կյանքի թերևս կարևորագույն բաղադրիչն է, որտեղ բոլորը խոսում են ժողովրդի անունից և ցանկանում, որ ժողովուրդը «լավ» ապրի։ Պատկերացնելու համար, թե ի՞նչ ճանապարհ է անցել մեր երկիրը և նրա բնակչությունը «լավ» ապրելու համար, կոնկրետ ո՞ր քաղաքական ուժի կամ երկրի ղեկավարի ժամանակ է բարեկեցությունը կտրուկ բարձրացել, հարկ է առնվազն 20 տարի հետ գնալ և տեսնել, թե ի՞նչ տնտեսություն ենք ունեցել այն ժամանակ և ինչպիսին է եղել մեկ շնչին ընկնող եկամուտը՝ կամ որ նույնն է՝ համախառն ներքին արդյունքը։

Վիճակագրական ցուցանիշները փաստում են, որ 1997-ին, այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գլխավորած ՀՀՇ-ի կառավարման յոթ տարիներից հետո, Հայաստանի տնտեսության ծավալը (համախառն ներքին արդյունք) կազմել է 804 մլրդ դրամ։ Այսինքն, մեր տնտեսության բոլոր ճյուղերը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրն ու ծառայությունները միասին վերցրած, ընդամենը այդքան շրջանառություն են ունեցել։ Եթե սա բերենք դոլարային արտահայտության, նշելով, որ 1997-ին 1 դոլարի միջին փոխարժեքը 500 դրամ էր, ապա կստացվի, որ մեր տնտեսության ծավալը կազմել էր ընդամենը 1 մլրդ 608 մլն դոլար։

Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, որ դա անչափ փոքր թիվ է այն ժամանակ մոտ 2,8 մլն բնակչություն ունեցող երկրի բնակչության համար։ Համեմատության համար նշենք, որ ներկայումս (2017 թ․-ի տվյալներով) միայն գյուղատնտեսությունն ավելի մեծ ծավալներ ունի՝ 906 մլրդ դրամ, քան ամբողջ տնտեսությունը այն ժամանակ։

Նույն 1997-ին մեկ շնչին բաժին էր ընկնում միջին տարեկան 212 հազար դրամ կամ 424 դոլար՝ շեշտում ենք տարեկան։ Ամսական այս ցուցանիշը համապատասխանաբար կազմում էր մոտ 17 հազար դրամ կամ 35 դոլար։

Ահա այսպիսին են եղել բարեկեցության պատկերը ցույց տվող երկու հիմնական ցուցանիշները 1997-ին։ Մարդիկ, ովքեր խոսում են «20 տարի երկիր քանդելու» մասին, կամ չեն ցանկանում տեղյակ լինել, թե 20 տարի առաջ ի՞նչ երկիր է եղել Հայաստանը, կամ կորցրել են հիշողությունն ու մտածելու ունակությունը։ Նույն կերպ, նրանք չեն ցանկանում հիշել, թե ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց փոխվել 1998-ից սկսված, երբ երկրի նախ՝ վարչապետ դարձավ, ապա նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։

Տնտեության բոլոր ճյուղերում ներդրումների ներգրավման, հարյուրավոր կիլոմետրերով քայքայված և բացառիորեն ոչնչացած ճանապարհների հիմնանորոգման, նոր գազատարի և գազամատակարարման ցանցի, խմելու և ոռոգման ջրի ջրատարների շինարարության, աղետի գոտում տասնյակ միլիարդների շինարարության և տասնյակ հազարավոր մարդկանց համար բնակարաններ ապահովելու, մայրաքաղաքում կառուցապատման մեծ տեմպերի, սննդարդյունաբերության, խմիչքների, ոսկերչության և ադամանդագործության, հանքարդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններկի գործունեության ծավալման և բազմաթիվ այլ իրականացված քայլերի շնորհիվ, 2008-ին մենք արդեն ունեինք այլ Հայաստան։ Ահա թե ինչպես աճեց տնտեսությունը, որի արդյունքում 10 տարի անց համախառն ներքին արդյունքի և բնակչության բարեկեցության ի՞նչ ցուցանիշներ ունեցանք։

Արդեն 1998-ից սկսվեց բարձր տնտեսական աճը, իսկ 2000-ականներին գրեթե 7 տարի անընդմեջ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ՝ միջին տարեկան 12,5 տոկոս։ Դրա արդյունքում 2008-ին մեր համախառն ներքին արդյունքը արդեն 3 տրիլիոն 646 մլրդ դրամ էր կամ դրամով հաշվարկված՝ 4,5 անգամ ավելի 10 տարի առաջվա 804 մլրդ դրամից։ Ընդ որում, դոլարային առումով աճն անհամեմատ ավելին էր, քանի որ տնտեսական նման սրընթաց աճի շնորհիվ ազգային արժույթը՝ դրամն արժևորվել էր և 2008-ին կազմում էր մոտ 305 դրամ 1 դոլարի դիմաց։ Այսինքն, դոլարային արտահայտությամբ 2008-ին մեր տնտեսության ծավալը (ՀՆԱ) արդեն գրեթե 12 մլրդ դոլար էր, ինչը նշանակում է, որ այն իրականում աճել է ոչ թե 4,5 անգամ, այլ 10 անգամ։ Նման զարգացում հետագայում չեղավ և դժվար է երևակայել, որ կլինի։

Ինչ մնում է մեկ շնչին ընկնող եկամուտին (կամ ՀՆԱ-ին), ապա 2008-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարում, այն կազմում էր տարեկան 1 մլն 127 հազար դրամ։ Դոլարային արտահայտությամբ դա կազմում էր 3 հազար 695 դոլար։ Հիշեցնենք, որ 1997-ին մեկ չնշին ընկնում էր 242 հազար դրամ կամ 424 դոլար։ Դրամային արտահայտությամբ, բնակչության միջին եկամուտն ավելացել էր 4,6 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ գրեթե 9 անգամ։ Հիմա պարզապես պատկերացրեք, թե ի՞նչ է նշանակում 10 տարվա ընթացքում մարդու եկամտի ավելացում 9 անգամ։ Դա նշանակում է, պատկերավոր ասած եթե միջին աշխատավարձը ներկայում Հայաստանում ամսական 168 հազար դրամ է, ապա 10 տարի անց դառնում է 1,5 մլն դրամ։ Մարդկանց եկամուտների համանման փոփոխություն է եղել 1997-ից 10 տարի անց, երբ երկիրը ղեկավարում էր կամք ու վճռականություն, աշխատասիրություն և կառավարման հմտություններ ունեցող մարդ։ Նա այժմ կալանքի տակ է՝ պետական մակարդակով իրականացվող հետապնդման արդյունքում։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ