06  11  2018

Սիլվա Համբարձումյանների դերը նոր իրականությունում

Սիլվա Համբարձումյանների դերը նոր իրականությունում

Ուղիղ 7 տարի առաջ՝ 2011 թվականի նոյեմբերին, լուր տարածվեց, որ խոշոր գործարար Սիլվա Համբարձումյանին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ապտակել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

Այդ ժամանակ ակտիվորեն երկու միտք թևածեց՝ Սուրիկ Խաչատրյանն արդեն կին է ծեծում և՝ Հայաստանում, փաստորեն, կա խոշոր կին գործարար․ Սիլվա Համբարձումյանը ներկայանում էր որպես խոշոր հանքատեր։ Հետո, երբ Սուրիկ Խաչատրյանն իրավական գործընթացների արդյունքում ափսոսանք հայտնեց ապտակի համար, Սիլվա Համբարձումյանը չքացավ ... Ուղիղ 7 տարի։

Վերջերս կրկին ի հայտ եկավ՝ արդեն նոր ասելիքով՝ ինքը Հայաստանի բոլոր իշխանավորներին կաշառել է։ Բոլորին հետաքրքրում է մեկ հարց՝ ո՞վ է Սիլվա Համբարձումյանը, ի՞նչով է հայտնի խոշոր կին գործարարը, բացի այս երկու դրվագներից։

Փորձեցինք պարզել գործարար տիկնոջ ով լինելը։

Ըստ տեղեկությունների Համբարձումյանը գործունեությունը ծավալել է հանքերի, շաքարավազի ներկրման, արերկրում հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Հետաքրքրվեցինք մասնավորապես այդ ոլորտներից ծանոթ շրջանակներից՝ պարզելու Սիլվա Համբարձումյանի փորձն ու բիզնեսները: Մեր պրպտումները հիմնականում ձախողման հանգեցին։ Պարզվեց, որ նրան քչերն են ճանաչում, այն էլ՝ ոչ բարվոք տեսանկյունից՝ ըստ իրենց ունեցած տեղեկությունների` պարտքեր է վերցրել-չի վերադարձրել, «քցել է», հիմնականում տարատեսակ խարդախ և սկանդալային պատմությունների մեջ է եղել, և ոչ ոք չկարողացավ մտաբերել որևէ նորմալ բիզնես կամ նախագիծ որը հաջողել կամ բնականոն աշխատել է սույն տիկնոջ ղեկավարմամբ։ Փորձեցինք խոշոր գործարարի վճարած խոշոր հարկերի մասին տվյալներ ձեռք բերել: Ապարդյուն․ այդ առումով նույնպես որևէ տեղեկություն հայթհայթել չստացվեց։

Իսկ օրերս էլ մի քանի հրապարակում եկավ լրացնելու մեր իմացած ինֆորմացիային․ Ամենահիշարժանը Սիլվա Համբարձումյանից տուժած Արաքս Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հոդվածն է, որից մի քանի կետ կարելի է առանձնացնել․

Սիլվա Համբարձումյանն արաբ գործարարից 40 մլն է վերցրել Հայաստանում հանք ձեռք բերելու համար․ գումարը չկա, և որպես հիմնավորում՝ այն է, որ այդ գումարով նա Հայաստանի բոլոր ղեկավարներին «առել է»։

  • Սիլվա Համբարձումյանը բազմիցս է հայտնվել դատական քաշքշուկների մեջ՝ աշխատավարձի չվճարման, կոմունալի և այլ վարձավճարների չվճարման և այլ առիթներով։
  • Սիլվա Համբարձումյանը, հակառակ իր պնդումների, ԱՄԷ-ում որևէ բիզնես չունի։
  • Սիլվա Համբարձումյանը որևէ բիզնես չի ստեղծել, կասկածելի հանգամանքներում նրան անցած բիզնեսներն իրենց «մահկանացուն են կնքել»:
  • Սիլվա Համբարձումյանը 1990-ական թվականներից առ այսօր գեթ մեկ դրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, կամ գոնե այդ մասին հայտնի չէ, սակայն մշտապես հայտնվում է այլ անձանց ունեզրկման, սկանդալային պատմությունների էպիկենտրոնում:

Վստահ կարելի է արձանագրել, որ նմանատիպ պատմություններով հայտնի անձանց արած հայտարարությունները գոնե իրավական հարթությունում պետք է մեծ կասկածի առիթ տան: Սակայն կատարվողը դիտարկենք ուրիշ տեսանկյունից. չափազանց ուշագրավ է Սիլվա Համբարձումյանի նորից ի հայտ գալու ժամանակաշրջանը և որ ամենակարևորն է՝ ստանձնած դերը։

Նոր իշխանությունը, որը մայիսյան հեղափոխությունից ի վեր հայտարարել էր ժողովրդից գողացվածն ու թալանվածը վերադարձնելու հրատապության մասին` առաջացնելով սպասումների մեծ մասշտաբներ, այս վեց ամիսների ընթացքում կարծես հիասթափեցրեց և կարծես գործի է դնում նոր գործիք։

Դատեք ինքներդ. տիկին Սիլվան հրավիրում է ասուլիս և հայտարարում, թե կաշառք է տվել Հայաստանի նախկին նախագահներին ու բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ու, զարմանալի զուգադիպությամբ, կաշառք է տվել հիմնականում նրանց, ում հետ այս իշխանությունը, ենթադրվում է, որ ունի խնդիրներ, օրինակ՝ հաշիվներ մաքրելու կամ այլ։ Նրա տված ցուցմունքների արդյունքում մարդ է կալանավորվում, իսկ իրեն տրամադրում են անվտանգության երաշխիքներ։ Ասուլիսի ընթացքում մի շարք մանրամասներ է պատմում քրեական գործերից, և որևէ կերպ ՀՔԾ-ն չի արձագանքում, այնինչ մյուս կողմերի փաստաբանները չափազանց զգուշությամբ են արտահայտվում՝ վախենալով բացել այսպես կոչված նախաքննության գաղտնիքը։ Մեկի դեպքում նախաքննության գաղտնիք, մյուսի դեպքում՝ արածի ազատ վերաշարադրում՝ ինչ է գրել, պատմել քննիչներին, այդ ամենին հավելելով իր պատկերացումները։

Բանն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը, ըստ խոստացածի, աջ ու ձախ քրեական գործեր է հարուցել, որոնց տակից, ինչպես երևում է, դուրս չի կարողանում գալ՝ մի պարզ պատճառով, հիմքեր չունի, կամ շատ թույլ են, ինչպես կասեն իրավագետները՝ «ջուր»։ Եվ քանի որ իշխանությունն ինքն իր բացած գործերի ձեռքը կրակն է ընկել, փորձում է հավելյալ մեղադրանքներ կցել մեղադրյալներին՝ հիմնավորելու համար նախապես խոստացածը։

Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքն ի սկզբանե համարվեց շինծու, անհեթեթ և չհիմնավորվող՝ քաղաքական հետապնդման տրամաբանության շրջանակներում։ Բռնել են, աղմուկ հանել, բայց չեն կարողանում ապացուցել, ու քրեական գործը կարճելու փոխարեն՝ խոշորացույցով ապացույց են ման գալիս՝ գոնե հոդվածներ փոխելու համար։ Զարմանալի չէ, որ մի օր էլ ինչ-որ տեղից ծլեց «Կոնգրես» հյուրանոցի գործը․ դա էլ, պարզվեց, որ ԱԱԾ տնօրենի արագ խոսելու հետևանքով էր։ Եվ հանկարծ, ի հայտ է գալիս Սիլվա Համբարձումյանը՝ «Քոչարյանին կաշառք եմ տվել» սենսացիոն հայտարարությամբ։

Կաշառք է տվել, հավանաբար, բոլոր նրանց, ում դեմ իշխանությունն ատամ ունի՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գևորգյանին, Արամ Հարությունյանին, Վարդան Օսկանյանին։ Գուցե վաղն ասի, թե տվել է Յուրի Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Մանվել Գրիգորյանին, Սեյրան Օհանյանին ու այսպես շարունակ։ Կալանավորման հիմքերը անբավարար լինելու հիմնավորմամբ՝ Դատարանը մերժեց կալանավորել երրորդ նախագահի խնամի՝ Արա Մինասյանին․ վաղը, հավանաբար, տիկինը կասի, որ նրան էլ է կաշառք տվել։

Ուշադրություն դարձրեք․ չկա որևէ հիմնավորում, որ տիկին Սիլվան կաշառք է տվել որևէ մեկին․ կան միայն հայտարություններ և որպես պատասխան՝ հերքումներ ու սպառնալիք՝ դատարանով պատիվ պահանջելու։

Հետևանքների մասին, հավանաբար, խոշոր գործարարը չի էլ մտածել, մինչև հասնի այդ օրվան, մի բան կհորինեն։

Տիկին Սիլվան չնայած որևէ ապացույց չի բերում, բայց կա ձերբակալված՝ ի տարբերություն իրեն՝ իրական գործարար, Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանը, ընդամենը ինչ-որ բանկային փոխանցում կատարելու կտրոնի հիմքով։ Իսկ այդ երբվանի՞ց Հայաստանում խոշոր գումար փոխանցելը դարձավ ստացողին կալանավորելու հիմք։

Մարդը բարձրագույն արժեք է, այդ թվում՝ Նոր Հայաստանի սահմանադրությամբ, մարդուն ազատությունից պետք է զրկել միայն հանցագործության անհերքելի ապացույցների առկայությամբ։ Ապացույցն այն է, որ Սիլվան փո՞ղ է փոխանցել։ Կասկածանքով մա՞րդ են կալանավորում։ Իսկ Սիլվա Համբարձումյանի համբա՞վը, որին, ի տարբերություն մեզ, պետք է որ քաջատեղյակ լինեին քննչական մարմինները, կասկածանքի առիթ չէ՞ր տվել։ Հեռուստաընկերության ղեկավարին կալանավորելու համար բավակա՞ն էր նրա ցուցմունքը։

Գործող իշխանական համակարգն ապացուցել է, որ իր կասկածները գրեթե միշտ անհիմն են՝ հիշենք թեկուզ Հովիկ Աբրահամյանի եղբոր դեպքը․ մարդուն կասկածում էին, որ իր գործարանում եղած զենքերը հատկացրել է, որ մարտի 1-ին անխնա կրակեն․ կալանավորեցին, խայտառակ արեցին, դարձրին մոլորյալների անեծքի թիրախ, իսկ հետո պարզվեց, որ այդ զենքին առաջին անգամ ձեռք են տալիս փորձաքննողները։ Ստիպված բաց թողեցին ․․․ գրավով։ Նույն անմիտ կասկածամտության առիթով, Yerevan.Today-ից խլվեց տեխնիկան ու անհասկանալի պատճառով շարունակում է մնալ քննչականի փորձաքննության կենտրոնում։

Միանշանակ կարելի է արձանագրել որ այս ձևն էլ չաշխատեց, ամեն բան պարզվում է շատ արագ։ Ի՞նչ մեթոդների կդիմի իշխանությունը հաջորդիվ՝ հասնելու իր ուրվագծած նպատակին։ Կարելի է ենթադրել միայն, որ այդ նոր մտահաղացումը կլինի առավել անորակ, անհամոզիչ։

Ամենակարևորի մասին․ ո՞րն է այդ ուրվագծած նպատակը։ Վերջերս ավելի հաճախ ենք լսում, որ նպատակը երկիրը «վարի տալն» է, թուլացնելն է, քանդելն է ոչ թե կոռուպցիան, այլ պետությունը հիմնովին։

Իսկ հասարակությունն այլ սպասելիք ուներ հեղափոխականներից՝ վերացնել երկրում ծառացած արատավոր երևույթները, այլ ոչ բազմապատկելը անգամներով, վերջում էլ՝ վերադարձ «հին տաշտակին»՝ 90-ականների քայքայված Հայաստանի՞ն, որ ի՞նչ անենք… Այ այս հարցերը վերջերս ավելի հաճախենք քննարկում։

Հ.Գ. Արդյո՞ք նորօրյա իշխանությունները չեն հասկանում որ արտասահմանյան և տեղական ներդրողների, լրատվամիջոցների, հեռուստաընկերության ղեկավարի, նախկին երկրի ղեկավարի նկատմամբ նմանատիպ անհիմն միջոցներով հետապնդումներ իրականացնելն արտացոլվելու է միջազգային զեկույցներում, բարձրացվելու է տարբեր ամբիոններում և հանդիպումներում և միանշանակ ազդելու է երկրի վարկանիշի վրա, որը հանգեցնելու է տնտեսական և քաղաքական խնդիրների։

Վստահ եմ հասկանում են …  

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ