07 10 2021

Պատվաստման 2-րդ դեղաչափը ավելի ուշ ստանալով՝ չի նվազում դրա արդյունավետությունը. ԱՆ

Պատվաստման 2-րդ դեղաչափը ավելի ուշ ստանալով՝ չի նվազում դրա արդյունավետությունը. ԱՆ

Որոշ պոլիկլինիկաներում չկա «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը․ առողջապահության նախարարության պարզաբանումը

Որոշ պոլիկլինիկաներում չկա «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, և քաղաքացիները չեն կարողանում նշանակված օրը ստանալ պատվաստանյութը։ Հենց այսօր առավոտյան կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է պատվաստման գործընթացին և նշել, որ պատվաստման թվերը շատ վատ են։

«Կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրե՛ք, պետք է պատվաստումը գնա առաջ, և կներեք, ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսեմ բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում, գնացեք, լուծեք, Առողջապահության նախարարությունը, մնացած մարմիները»,-նիստի ընթացքում ասել է վարչապետը։

Պատվաստման գործընթացը իր խոսքում կարևորել է նաև նախարարը՝ անդրադառնալով պատվաստման գործընթացը խանգարողներին․ «Ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողները պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ՝ երեկ գրանցված 26 մահերի համար»,-ասաց նա։

Այս քննարկման ընթացքում ոչ մի բառ չի եղել այն մասին, որ երկրորդ չափաբաժնի պակաս կա, ինչի ապահովելը պետության պարտավորությունն է և մեղքը քաղաքացիների վրա գցել հնարավոր չէ։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից.

«Առողջապահության նախարարությունն ամեն ինչ արել է, որ Ձեր կողմից նշված պատվաստանյութն ապահովի: Բոլոր քաղաքացիները, որոնք ստացել են առաջին չափաբաժինը, վստահ կարող են լինել` կստանան նաև երկրորդը։ Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև նշվում է նվազագույն ինտերվալը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ նախապես չի զգուշացվում, որ կարող եք ուշ գալ և երբ երկրորդ չափաբաժնի խնդիր է լինում, նոր ասվում է, որ ոչինչ մի քանի օր ուշ պատվաստվելը, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Պոլիկլինիկաներում թե ինչու չեն հետևում ցուցումներին և ինչու պատճաշ չեն տեղեկացնում քաղաքացիներին, չեմ կարող ասել, մեր իրավասության ներքո չէ։ Նախարարությունը բացատրում է, ֆիքսում է, առաջին օղակի հետ խոսվում է, հիմա մեկ առանձին օրինակով ընդհանուր համակարգի աշխատանքի համար կխնդրեմ եզրակացություն չանեք»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ