Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ: Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները: Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.
• 1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:
• Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
Հանձնաժողովը քննարկել է նաև «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում երկրորդ պատուհանի ընթացքում առաջարկված COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը: Նշենք, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունվետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը