ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Hetq.am-ում հրապարակված՝ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերտառությամբ հոդվածին։ Կորոնավիրուսով հիվանդացած Արամ Բաբաջանյանը (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր) «Հետք»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ փուլերով է անցել։ Նա զարմանք է հայտնել, որ մարդկանց զանգվածաբար դուրս են գրում և հայտնում, որ պետք է նրանք սպասարկվեն պոլիկլինիկաներում, բայց այնտեղ տեղյակ չեն այդ մասին։
«Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց:
Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել:
Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ:
Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը:
Այն հիվանդանոցը, որը մատնանշում է պարոն Բաբաջանյանը` ծայրահեղ ծանր մարդկանց հետ է բերել բնականոն կյանք»,-ասված է Ալինա Նիկողոսյանի պարզաբանման մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը