23 04 2020

Պետպատվեր չի նշանակում անվճար․ Նիկոլ Փաշինյան

Պետպատվեր չի նշանակում անվճար․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը մարտի 23-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ այսուհետև պայմանագրային զինծառայողներն ու բանակի սպայական կազմն անվճար կկարողանան  օգտվել այն բժշկական ծառայություններից, որոնցից մինչև այժմ օգտվում էին ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներն ու հարազատները:

Պետպատվերով բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն կստանան նաև ԱԻՆ և ԱԱԾ աշխատակիցներն ու նրանց ընտանիքի հարազատները:

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագիծը ներկայացնող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս որոշմամբ շահառուների համար անվճար են դառնում բոլոր տեսակի բժշկական ծառայությունները:

Ի պատասխան՝ նախարարը փոխանցեց, որ, եթե նախկինում ժամկետային զինծառայողների համար սրտի ստենտավորումը վճարովի էր, ապա այս որոշմամբ կդառնա անվճար, կվերացվի սահմանված համավճարը, և, առհասարակ, այս որոշմամբ անվճար կդառնան 16 ծառայություններ:

«Երբ ասում ենք պետպատվերի շրջանակն ընդլայնում ենք, դա չի նշանակում, որ ամեն ինչ դառնում է անվճար: Դա նշանակում է, որ կա ծառայությունների մի շրջանակ, որն իրականացվում է պետության հաշվին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ շրջանակն անսահմանափակ չէ, դրանից դուրս կան ծառայություններ, որոնք չեն վճարվում պետության կողմից. «Մյուս կողմից հարց է ծագում՝ նման որոշումներով մարդկանց կյանքում ի՞նչ է փոխվում:

Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ լինի պետպատվեր, եթե այդպես չէ, ընկալում կա, որ պետպատվեր չկա: Նկատի ունեմ, որ տեղեկատվությունը փոխանցելու խնդիր ունենք: 18 տարեկանների որոշումը կայացնելուց հետո, տասնյակ ահազանգեր եմ ստացել, որ իրականում այդպես չէ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ