13 03 2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի։ Մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ այս պահին Էջմիածնում կա 100 մեկուսացված մարդ, ասել է նա։  Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ «Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը։

«Գոլդեն Փելեսում» մեկուսացված 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն։ 2-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, իսկ 3-րդը, որի ընտանիքի անդամի մոտ է հաստատվել վիրուսի առկայություն եւ այս ընթացքում նա  շփվել է  վարակակրի հետ, կմնա մեկուսացման մեջ։  2 անձինք, որոնց տեստը դրական է եղել՝ կտեղափոխվեն հիվանդանոց։ Եվս 3 անձ, որոնց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, Էջմիածնից են։

Նիկոլ Փաշինյանն ընտանիքով մեկուսացել է Սեւանի առանձնատանը։  Նա նշեց, որ կորոնավիրուսի թեստ են հանձնելու վաղը։ 

«Երեկվանից անհանգստացած էինք, քանի որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, նախագահը նույնպես տեստ է հանձնել եւ սպասում է պատասխանի։ Երեկ մենք այդ մասին իմանալով, որոշեցինք ինքնամեկուսացվել։ Այսօր երեկոյան, Սեւանի ճանապարհին իմացանք, որ Բրազիլիայի նախագահի տեստը դրական է եղել։ Մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, թարսի նման ողջագուրվելով է լուսանկարվել։ Առաջինը ճափեցինք մեր ջերմությունը, չունեինք ջերմություն։ Բայց դրանից հետո հերքվեց Բրաիզլիայի նախագահի վարակված լինելու տեղեկությունը։ Բայց մենք առայժմ մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան տեստ կհանձնենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է», ասել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ