14 11 2019

Հայաստանում շաքարային դիաբետ ունի 93 460 մարդ

Հայաստանում շաքարային դիաբետ ունի 93 460 մարդ

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել հիվանդության հիմնախնդիրներին` բարձրացնելով բնակչության իրազեկությունը: Օրն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով առաջին անգամ ինսուլինի ներարկման միջոցով փրկել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքեր և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:

Շաքարային դիաբետը (ՇԴ) դարի հիվանդություն է և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) մահացության և հիվանդացության կառուցվածքում զբաղեցնում է երրորդ տեղը:

Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում ՇԴ տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ:

2018թ. վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 93460, որոնցից 83% (77 644)` 2-րդ տիպի ՇԴ-ն է: ՇԴ-ից մահերի թիվը կազմում է  579, որը 2017թ. համեմատ նվազել է 230 դեպքով:

Ապացուցողական բժշկության տվյալներով` ՇԴ զարգացման ռիսկի գործոններից են` արյան մեջ գլուկոզի բարձր մակարդակը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սննդակարգը, մասնավորաես, մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումն ու քաղցրի չարաշահումն և այլն:

Առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է ՇԴ կանխարգելումն ու հիվանդության հետ կապված առողջապահական ուղղակի և անուղղակի ծախսերի նվազեցումը: Այդ նպատակով առողջապահության նախարարության կողմից մշակվել և իրականացվում են մի շարք բազմակողմանի ռազմավարական ծրագրեր և միջգերատեսչական միջոցառումներ: ՇԴ կանխարգելման և հսկողության քաղաքականության հիմնական մոտեցումները ներկայացված են շաքարային դիաբետի, առողջ ապրելակերպի խթանման, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրերում:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են ՈՎՀ սքրինինգները. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջնային օղակում անվճար հետազոտվելու` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով:

Միաժամանակ, 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:

Առողջապահության նախարարությունը հորդորում է նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ՇԴ զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվության, ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, վերահսկել քաշը, զարկերակային ճնշումը և արյան մեջ գլյուկոզի և քոլեսթերինի մակարդակը: Միևնույն ժամանակ, կարևոր է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր զարգացումը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ