09 04 2019

IDeA-ն առողջապահական հարթակ է ստեղծում

IDeA-ն առողջապահական հարթակ է ստեղծում

IDeA հիմնադրամը գործարկում է նոր՝ առողջապահական հարթակ, որը խթանելու է այս ոլորտում նորարարությունները  Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս: 

IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրի։ Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ և հեռանկար ունենալով` IDeA-ն մշակել է զարգացման 10 մոդելների վրա հիմնված հարթակներ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ:

Հիմնադրամից հայտնում են, որ այդ նախագծերը միտված են ապահովելու նշանակալից առաջընթաց՝ Հայաստանի ու հայկական աշխարհի համար։ Մի շարք հարթակներ արդեն գործարկվել են, ինչպես օրինակ կրթական, ֆինանսական, տեխնոլոգիական, ինքնության պահպանման, էկոլոգիական հարթակները, և հաջողությամբ ծրագրեր են իրագործում Հայաստանում և աշխարհում։

Առողջապահության ոլորտը IDeA հիմնադրամի  տասը առաջնահերթություններից մեկն է: Հիմնադրամն առ այս պահն իրականացրել է ոլորտին վերաբերող մի շարք նախնական հետազոտություններ, մշակել նախագծեր, ուսումնասիրել տարածաշրջանային ու միջազգային փորձը, և քննարկումներ ծավալել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են  Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA, ԱՄՆ), Philips-ը (Նիդերլանդներ), Cha ընկերությունների խումբը (Հարավային Կորեա) և ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի Առողջապահության զարգացման կենտրոնը (Ռուսաստան)։

Մեկնարկած գործընթացի շրջանակում IDeA-ն մտադիր է համախմբել ջանքերն իր քույր կազմակերպության՝  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ՝ առողջապահական հարթակի հնարավորությունների ընդլայնման և ստեղծարար մոտեցումների որոնման համար։

«Առողջապահական հարթակը կդառնա Հայաստանում առողջության պահպանման ոլորտում նորարարական և համակարգային լուծումների որոնման և իրականացման հիմքը։ Այս ինստիտուցիոնալ հենքի վրա FAST-ը կօգնի խթանել նորարարությունն ու առաջընթաց ապահովող բացահայտումները, ինչպես նաև զարգացնել կրթությունը բժշկության բնագավառում»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում: Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու առողջապահական հանգույց տարածաշրջանային ու միջազգային մակարդակում։ Ներկայում մեր ջանքերը կենտրոնացած են ստեղծարար լուծումների որոնմանը և անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրմանը, որոնք կօգնեն Հայաստանը դարձնել բժշկական ծառայությունների ու ուսումնասիրությունների համաշխարհային կարգի կենտրոն»,- նշել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Առողջապահական հարթակի հայեցակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Նախատեսվում է ներդնել ամբողջական մոտեցում առողջության պահպանման ոլորտում՝ խթանելով նորարարական կրթությունը, ուսումնասիրությունները և ծառայությունների մատուցումը։

Առողջապահական հարթակի վերաբերյալ զարգացումներին և հայտարարություններին ծանոթանալու համար հետևեք IDeA-ին սոցիալական մեդիայի հարթակներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ