Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է: Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ, մահացողը նույնպես ռիսկային գոտում է եղել, տարիքը՝ 60-ից բարձր: Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ:
Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ասել է՝ առողջ մարդիկ այն թեթև են տանում։ Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժումը նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ։
Թե բնակչության քանի՞ տոկոսն է թիրախային խմբում՝ ՀՎԿԱԿ տնօրենն ասաց՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի:
Արևմտյան Նիլի, նույն Արևմտյան նեղոսի տենդի ախտանշաններն են, թեթև դեպքերում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ ծանր դեպքերում հիվանդը կունենա ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների թուլություն կամ կաթված:
Ինչպե՞ս պաշտպանվել այս վարակից. հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, միայն մոծակից մարդուն: ՀՎԿԱԿ տնօրենի պնդմամբ՝ դեպքերն արձանագրվել են նաև իրենց արագ ախտորոշման շնորհիվ: Վարակի տարածման պատճառներից է գլոբալ տաքացումը, վարակված թռչունների միգրացիան, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն: Առհասարակ մոծակների բազմացման հիմնական միջավայրը ջրային տարածքներն են:
Ի՞նչ է արվում, որ Հայաստանում վարակը չտարածվի, ՀՎԿԱԿ տնօրենի պնդմամբ՝ դրանք ամեն տարի անցկացվող մշտական միջոցառումներն են:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով, այս տարվա սկզբից մինչև հուլիսի 31-ը, Եվրոպական 8 երկրում արձանագրվել է վարակվածության 69 դեպք, 8 մարդ մահացել է: Իսկ ամերիկյան կենտրոնի պաշտոնական թվերով, տարեսկզբից մինչև օգոստոս ամերիկայում արձանագրվել է վիրուսի 174 դեպք:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը