08 08 2020

Բուն գյուղատնտեսության աճը ցածր է․ Politeconomy.org

Բուն գյուղատնտեսության աճը ցածր է․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տվյալների հրապարակումն ինչ-որ իմաստով հիասթափություն ծնեց: Հասկանալի էր, որ տնտեսության հիմնական ցուցանիշներն անկում էին արձանագրելու: Համարյա բոլոր ոլորտները՝ բացառությամբ գյուղատնտեսությունից:

Մեր վիճակագիրները, միջազգային չափորոշիչ-պահանջների համաձայն, գյուղատնտեսության տվյալները ներկայացնում են եռամսյակային պարբերականությամբ: Իսկ այդ ոլորտն ազատ էր և՛ համաշխարհային տնտեսության ճգնաժամային ազդեցությունից, և՛ արտակարգ դրությամբ պայմանավորված ներքին սահմանափակում-արգելքներից: Դրան գումարած, առաջին կիսամյակի տվյալներով, 4.5 տոկոս աճ էր արձանագրվել: Ու դրա շնորհիվ առաջին կիսամյակի ցուցանիշը «մնաց» 1.8 տոկոս: Այս տարվա երկրորդ եռամսյակը նախորդի համապատասխան ժամկետի նկատմամբ ընդամենը 0.6 տոկոսանոց աճ ունի: Այս ոլորտը հաշվառվում է «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» անվան տակ: Բուն գյուղատնտեսության աճը նույնիսկ 0.1 տոկոսով ցածր է՝ 1.7 տոկոս (ընդհանուր ոլորտի 0.1 տոկոս աճն ապահովվել է ձկնորսության ավելի բարձր՝ 3 տոկոսանոց աճի շնորհիվ): Դժվար է պատկերացնել, թե որտեղ է իրացվել ձկան այդ ծավալը: Որովհետև պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի հունվար-հունիսին արտահանվել է 1036 տոննա ձուկ (մոտ 5 մլն 196 հազար դոլար արժեքով): Այն դեպքում, երբ 2019-ի տվյալները (որոնք իբր այս տարի աճել են) զուտ արտահանման թվերով ավելի «տպավորիչ» են: 2019-ի առաջին կիսամյակում արտահանվել է կրկնակիից ավելի՝ 2726 տոննա ձուկ (մոտ 13.9 մլն դոլար արժեքով):

Իսկ «դասական» գյուղատնտեսության ցուցանիշները խիստ տարբեր են: Օրինակ, մսամթերքի արտադրությունը (այն պաշտոնապես հաշվառվում է «գյուղկենդանիների և թռչնի սպանդ» անունով) 4 տոկոսանոց աճ ունի: Հավանաբար գյուղկենդանիների սպանդի աճի ցուցանիշի պատճառով 2.2 տոկոս կրճատվել է կաթի արտադրությունը: Իսկ ձվի արտադրությունը հակառակը՝ աճել է 6.3 տոկոսով:

Իսկ հիմնական մշակաբույսերի համախառն բերքն ավելի վատ ցուցանիշներ ունի: Բանջարեղենի արտադրությունը կրճատվել է 0.5 տոկոսով: Հացահատիկի և հատիկընդեղենի կրճատման ծավալն անհամեմատ մեծ է՝ կրճատվել է 38.5 տոկոսով: 1.8 տոկոսով նվազել է պտուղ-հատապտուղ բերքը: Միակը, որ անցած տարվա համեմատ նկատելի բերքատվության աճ ունի, կարտոֆիլն է՝ 19.4 տոկոս: Բայց սա էլ պայմանվորված է նրանով, որ անցած տարի կարտոֆիլի համար նպաստավոր չէր և ցածր բերքատվություն էր արձանագրվել: 2019թ․ առաջին կիսամյակում կարտոֆիլի բերքը կրճատվել էր մոտ 14 տոկոսով և կազմել մոտ 26.8 հազար տոննա: Այս տարվա բերքն արդեն համադրելի է 2018-ի ցուցանիշին և կազմել է 32 հազար տոննա (2018-ի ցուցանիշը 31 հազար տոննա էր):

Գյուղատնտեսության ոլորտի թվերի նկատմամբ հետաքրքրությունը մեկ նրբերանգ էլ ունի: Այս հատվածում են ներկայացվում անտառտնտեսության մասին որոշակի տվյալներ: Օրինակ, փայտամթերում ասածը (կարծում եմ՝ կանաչների ականջին ավելի հարիր է «անտառահատում» տերմինը, բայց օգտագործենք պաշտոնական վիճակագրությանը բառապաշարի «փայտամթերում» տերմինը): Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018թ․ հունվար-հունիսին փայտամթերումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել էր 20 տոկոսով: Կանաչները սուգուշիվար չարեցին: Իսկ 2019թ․ առաջին կեսին 18-ի համեմատ փայտամթերումների ծավալն էականորեն կրճատվել էր՝ 22 տոկոսով: Կանաչները հպարտ էին: Այս տարի փայտամթերում ասած երևույթն աննախադեպ է աճել: Այնքան աննախադեպ, որ պաշտոնական վիճակագրությունը տոկոսով չի արտահայտում, այլ պարզապես արձանագրում է, որ աճել է 2.1 անգամ: Իսկ կանաչները լռում են: Բնականաբար:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ