24 07 2020

Ձկան, վարունգի, մրգերի արտահանումը նվազել է․ հետազոտություն

Ձկան, վարունգի, մրգերի արտահանումը նվազել է․ հետազոտություն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է գյուղատնտեսությունը (բուսաբուծություն և անասնաբուծություն) և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի դինամիկային 2019-2020թթ.-ի հունվար-մայիս ամիսներին:

2020թ.-ի հունվար-մայիս ամիսներին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալը արձանագրել է 2.5% աճ՝ կազմելով 51.2 մլն ԱՄՆ դոլար։

«Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ» խմբի արտահանման ծավալներն արձանագրել են 14.5% աճ՝ կազմելով 26.14 մլն ԱՄՆ դոլար: Հիմնական արտահամնան ուղղությունը ՌԴ-ն է եղել, իսկ աճը պայմանավորված է հիմնականում լոլիկի արտահանման 34.2% աճով՝ կազմելով 18.66 մլն ԱՄՆ դոլար, որը գերազանցապես իրացվել է ՌԴ-ում, ինչպես նաև «սունկ, գետնասունկ, դդմիկ, սմբուկ, սպանախ, ձիթապտուղ, պղպեղ» ենթախմբի ծավալների 32.3% աճով: Սա էլ հնարավորություն է տվել մեղմել մյուս ապրանքատեսակների գծով արձանագրած անկումը՝ մասնավորապես վարունգի արտահանման ծավալների 32.6% անկումը:

Դիտարկվող ժամանակահատվածում ձկան (թարմ, կենդանի և այլն) արտահանման ծավալները կրճատվել են 13%-ով՝ կազմելով 10.85 մլն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված թարմ ձկի արտահանման ծավալների 13.7%-ի կրճատմամբ` կազմելով 10.35 մլն ԱՄՆ դոլար, որը այս ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 95% է կազմել, իսկ վերջինիս արտահանման ծավալների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ:

«Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև ու դդմի կճեպներ» ապրանքային խմբի կտրվածքով արձանագրվել է 16.3% անկում՝ կազմելով 7.19 մլն ԱՄՆ դոլար: Անկումը հիմնականում պայմանավորված է խնձորի, տանձի, սերկևիլի արտահանման ծավալների 71.3%-ի կրճատումով: Ապրանքների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ: Այս կրճատումը մեղմվել է «ելակ, մոշ, մորի, թութ, հաղարջ, կիվի, նուռ» ապրանքային ենթախմբի արտահանման ծավալների 88.4% աճով՝ կազմելով 3.54 մլն ԱՄՆ դոլար, և այլն:

Կենդանի կենդանիների արտահանման ծավալների 88% աճ է արձանագրվել՝ կազմելով 2.84 մլն ԱՄՆ դոլար: Այս աճը պայմանավորված է հիմնականում դեպի Իրաք կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանմամբ (աճը կազմել է 215.3%), Արտահանման ծավալների 64.5%-ը բաժին է ընկել կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանմանը, իսկ 35.6%-ը՝ կենդանի ոչխարների և այծերի արտահանմանը:

«Կենդանի ծառեր և այլ բույսեր, կոճղեզներ և բույսերի այլ նույնանման մասեր. հատած ծաղիկներ և զարդաբույսեր» ապրանքային խմբի կտրվածքով արձանագրվել է արտահանման ծավալների 20.7% անկում՝ կազմելով 2.28 մլն ԱՄՆ դոլար: Այս անկումը հիմնականում պայմանավորված է «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ենթախմբի արտահանման ծավալների 27.1% անկմամբ (արտահանման ծավալների գերակշիռ մասը բաժին է ընկել դեպի ՌԴ արտահանման ծավալներին):

Դիտարկվող ժամանակահատվածում «սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ» ապրանքային խմբի արտահանման ծավալներն աճել են 13.2%-ով՝ կազմելով 1.90 մլն ԱՄՆ դոլար՝ գերազանցապես պայմանավորված սուրճի արտահանման ծավալների 13.5% աճով, որն այս ապրանքային խմբի արտահանման ծավալների շուրջ 97.8% է կազմել, իսկ վերջինիս արտահանման ծավալների գերակշիռ մասը արտահանվել է ՌԴ:

Այսպիսով՝ 2020թ.-ի գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը ներկայացնող հիմնական ապրանքային խմբերի արտահանման ծավալի փոփոխությունը գերազանցապես պայմանավորված է լինելու դեպի ՌԴ արտահանման ծավալների փոփոխությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ