27 05 2020

Գյուղատնտեսության ոլորտը դարձել է պակաս արդյունավետ․ Politeconomy.org

Գյուղատնտեսության ոլորտը դարձել է պակաս արդյունավետ․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Սովորաբար վիճակագրական տվյալների վերլուծությունը կատարվում է ժամանակային մեծ՝ մի քանի տարվա տվյալների հենքի վրա: Բայց վերջին երկու տարում մեր պարագային այս ակադեմիական կանոնը հարգի չէ: Պաշտոնական շրջանակներում հարգի չէ: Առաջին հերթին այն պատճառով, որ եթե 2018 և 2019թթ․ վիճակագրական տվյալները զիջում են նախորդ տարիների նույն ցուցանիշին, հայտարարվում են անարժանահավատ: Բնականաբար, նախորդ տարիների տվյալներն են համարվում անարժանահավատ՝ հայտարարվում, որ դրանք ուռճացված են: Հետևաբար կարելի է այսուհետ համեմատության ժամկետը կրճատել: Այսինքն համեմատել 2018-ի տնտեսական ցուցանիշները 2019-ի հետ: Հատկապես, որ դրանք «նախահամավարակային» տարիներ են և «համավարակային» արդարացումների ենթակա չեն:

Եկեք դիտարկենք պարենի հետ կապված վիճակագրական տվյալները: Պարենի արտահանման և ներմուծման ծավալների չափաբաժիններում էական փոփոխություններ չկան: Պարենը մեր արտահանումների մոտ 30 տոկոսն է կազմում, իսկ ներմուծումների՝ մոտ 16 տոկոսը: Փոխարենը գյուղոլորտի և պարենի արտադրության բազմաթիվ ցուցանիշներ «բարեխղճորեն» անկում են ապրում: Օրինակ, ասենք ցանքային հիմնական տարածությունները՝ 2018-ին դրանք 242.3 հազար հա էին, 2019-ին՝ 227.9: Կոնկրետ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների թվերը այս են. 2018թ․՝ 130 հազար հա, 2019թ․՝ 121 հազար հա: Բացի ընդհանուր ցանքատարածքից զուգահեռ նվազում է բերքատվության ցուցանիշը: 2018թ․ 1 հա հաշվարկով այն 26.1 ցենտներ էր: 2019-ի անկումը նկատելի է՝ 16.9 ցենտներ/հա: Բարդ չէ հաշվարկելը, որ 2018-ի համեմատ անցած տարի նկատելիորեն պակասել է համախառն ընդհանուր բերքը: 2018-ին այն կազմել է 338 հազար տոննա: Կազմել ու իշխանություններին գյուղատնտեսության կառավարման հպարտության առիթ տվել: Հպարտություն, որ ի չիք եղավ հաջորդ իսկ բերքահավաքին, երբ հացահատիկի համախառն բերքը կազմեց ընդամենը 198.7 հազար տոննա (բերքը պակասել էր 139 հազար տոննայով): Նուն անկումը կա նաև կարտոֆիլի պարագային: 2018-ի 415 հազար տոննա բերքի դիմաց 2019-ի արդյունքը 404 հազար տոննա էր: Համանման պատկեր է «պտուղ-հատապտուղների համախառն բերքի» ցուցանիշներում: Նախ նվազել է բերքատվությունը՝ 2018-ին 1 հա-ի ցուցանիշը 87.7 ցենտներ էր, 2019-ին նվազել է՝ 76.2 ցենտներ/հա: Բնականաբար, նվազել է համախառն բերքը: 2018-ին այն կազմել է 343 հազար տոննա, իսկ անցած տարի՝ 291: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտում կան աճի առանձին թվեր: Օրինակ, աճել է խաղողի ընդհանուր բերքը, անասնապահության որոշ ցուցանիշներ:

Ի վերջո, գյուղատնտեսությունը մեր տնտեսության մեջ առանձնահատուկ ոլորտ է: Նախկին կառավարությունները այն հայտարարում էին «գերակա ոլորտ»: Նույնիսկ այն կառավարությունները, որոնք երկրին գիտելիքահեն (թվային, գերժամանակակից և այլն) տնտեսության ապագա էին խոստանում: Այս իմաստով համարյա ոչինչ չի փոխվել: Կամ փոխվել է ընդամենը մեկ մոտեցում-հնարք: 2018թ․ պաշտոնապես հայտարարվեց, որ մեր երկրում գործազուրկների քանակը 234 հազար մարդ է: 2019-ի հայտարարված թիվը 220.5 հազար մարդ է: Մեկ տարվա ընթացքում գործազուրկների քանակը պակասել է 13.5 հազար մարդով: Այդ թվից 5.5 հազար աշխատատեղն ապահովել է գյուղատնտեսության ոլորտը: Ի՞նչ կարելի է եզրակացնել այս տվյալներից․ հարցին տարբեր պատասխաններ կարելի է տալ: Աշխատատեղերն ավելացել են, բերքը՝ պակասել: Այլ կերպ ասած՝ ոլորտը դարձել է պակաս արդյունավետ: Եթե, իհարկե, հավատանք պաշտոնական թվերին: Բայց դա այլ խնդիր է: Կարևորն այն է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս օրերին պարենի արտադրությունն ու առկայությունը երկրների համար դառնում են կարևորագույն խնդիր:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ