14 08 2019

Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ում դաբաղի դեմ ևս մեկ ծրագիր կանցկացնի

Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ում դաբաղի դեմ ևս մեկ ծրագիր կանցկացնի

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին և նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բօուդա Վոսուղ Ահմադիին: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը:

Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման և այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը տեղեկացրել է, որ գնահատված կարիքների և առաջնահերթությունների հիման վրա նախատեսվում է անցկացնել ևս մեկ ծրագիր` ընդգրկելով նաև արագ արձագանքման կարողությունների և լաբորատոր հնարավորությունների զարգացման բաղադրիչները:

Գեորգի Ավետիսյանը, ողջունելով Եվրոպական այս հեղինակավոր կառույցի Հայաստանում ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի երկրում դաբաղ չի արձանագրվել, ինչը գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ ժամանակին պատվաստելու և դրա ընթացքի խստագույն վերահսկողության արդյունք է:

«Կենդանիների առողջության պահպանումը, հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության ու հսկողության կենտրոնում է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կբերի լավագույն արդյունքի»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Նա վստահեցրել է, որ նախատեսվող ծրագրի հաջող իրականացման համար ոլորտը վերահսկող մարմնի կողմից կլինի գործուն աջակցություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ