Հայ շախմատիստ Լևոն Արոնյանն առաջին հորիզոնականով ավարտեց Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։
Երրորդ օրը ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ հաղթանակից հետո Արոնյանը 8-րդ տուրում սև ֆիգուրներով ցավալի պարտություն կրեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապորտից, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Յու Յանջիի հետ։
Այսպիսով, Արոնյանը վաստակեց 13 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր)։ Նույնքան միավոր ունի նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Տեղեկացնենք, որ միջոցառման ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 150 000 ԱՄՆ դոլար, իսկ հաղթողի մրցանակը' 37 500 ԱՄՆ դոլար:
Արագ շախմատի ժամանակ յուրաքանչյուր շախմատիստին հատկացվում է 25 րոպե ժամանակ՝ ամեն քայլից հետո 10 վայրկյան ավելանալու հնարավորությամբ: Կայծակնայինի դեպքում շախմատիստներին տրվում է 5-ական րոպե՝ յուրաքանչյուր քայլից հետո 3 վայրկյան ավելացմամբ:
Այսօր՝ օգոստոսի 13-ին կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը