31 08 2023

Արայիկ Հարությունյանը շատ ուշացումով, բայց արեց իր քայլը․ Հերթը Նիկոլ Փաշինյանինն է․ Սևակ Հակոբյան

Արայիկ Հարությունյանը շատ ուշացումով, բայց արեց իր քայլը․ Հերթը Նիկոլ Փաշինյանինն է․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացնում։ Նրա հրաժարականի մասին շատ է խոսվել։ 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո դա անհրաժեշտ էր, շատերն էին պնդում։ Նա Արցախին պարտություն է բերել, աղետ, ու պաշտոնավարման շարունակումը անտրամաբանական էր։ Պաշտոնավարումը որևէ օգուտ չբերեց պատերազմից բզկտված Արցախին, իսկ հատկապես վերջին ամիսներն ապացուցեց, որ որևէ հարց լուծելու անընդունակ է։ Իմ կարծիքով՝ աղետը խորացնողը հենց ինքն էր։
Վստահ եմ՝ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տար պատերազմից անմիջապես հետո, էս վիճակին հաստատ չէր հասնի երկիրը, իրավիճակը կլիներ շատ ավելի բարվոք, գործընթացները՝ դրական իմաստով հեռանկարային կլինեին․ այդ թվում՝ Հայաստանում։ Դա լուրջ ազդեցություն կունենար Հայաստանում գործընթացների վրա, որը շանս կտար խուսափելու այն ամենից, ինչին ականատես ենք։
Ինչո՞ւ հրաժարական չէր տալիս։ Իմ կարծիքով՝ իր անվտանգության հարցն էր լուծում, չնայած այլ պատճառներ էին մոգոնում, թե՝ եթե հրաժարական տա, լեգիտիմության հարց կլինի, անկայունություն, Ադրբեջանը ամեն բան կանի, որ նոր ընտրություն չլինի և այլն։ Բայց Արցախի խորհրդարանն օրենք էր ընդունել, որ ԱԺ-ն ինքը կարող է նախագահ ընտրել։
Մի խոսքով, Արայիկ Հարությունյանը Արցախի համար դառնում է այլևս անցյալ, կործանիչ անցյալ։
Ամեն մեկը կարող է մի ձև վերաբերել նրան, բայց հնարավոր չէ ժխտել, որ նա այս ամենի գլխավոր մեղավորներից է՝ թե՛ իր տեսակով, թե՛ վարած քաղաքականությամբ, արժեհամակարգով, պոպուլիզմով, եթե կուզեք՝ կապիկություններով, պարտության սիմվոլ։ Եվ իզուր չէ, որ ստացել է «Արցախի Նիկոլ» անունը։
Նա գրեթե կործանել է երկիրը, ու հիմա երբ ելքը խիստ անորոշ է, երբ անգամ սպառել է երկրի հացի պաշարները, երբ պարենային անվտանգության մասին չմտածելով՝ ժողովրդին հասցրել է սովի, համոզվելով կամ մտածելով, որ խաղն ավարտվում է, ելքերը այլևս չկան, ուզած-չուզած կամ պարտադրված հրաժարական է տալիս։ Ի՞նչ ասեմ, երևի թե, վերջը, ստացել է իր անձնական անվտանգության երաշխիքները, որը իր համար ամենակարևորն է, վստահաբար։
Արայիկ Հարությունյանի հրաժարականով դժվար թե բլոկադան վերանա, բայց նրա քայլը արցախցիների, Արցախի ցավով ապրողների մոտ հույս է արթնացրել, որ դրական գործընթացներ կլինեն, քանի որ նա այլևս չկա։ Արայիկ Հարությունյանը քանիցս կանխարգելել է Արցախում կարևոր գործընթացները, որոնք կարող էին իրավիճակ բարեփոխել, էս պարտվողական խայտառակ քաղաքական կուրսը փոխել։ Ու անգամ կարևոր էլ չէ, թե ով է հաջորդելու նրան, որովհետև մտայնություն է, որ ով էլ լինի, պարտության սիմվոլ գոնե չի լինի։ Ի դեպ, այդ մտայնությունը կա նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ՝ ով էլ հաջորդի նրան, ավելի վատը ուղղակի չի կարող լինել, քանի որ պարտության սիմվոլները երկուսն են՝ Հայաստանում՝ Նիկոլը, Արցախում՝ Արայիկը։
Գաղտնիք չեմ ասի. Նիկոլն ու Արայիկը մարդկային նույն տեսակն ու որակն են․ ու վստահաբար, Հայաստանի փրկությունն էլ այսօր կախված է Փաշինյանի հեռանալուց․ դա կարող է վերջակետ դնել Հայաստան-Արցախ-Սփյուռք պառակտմանը, կարող է դրական գործընթացների մեկնարկ լինել, շանս լինել վերածնվելու։
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ նրանք, ովքեր դեմ են եղել Արցախում Արայիկի, Հայաստանում Նիկոլի փոփոխմանը, հասկանան, որ այդ երկուսի հեռանալը ծայրաստիճան անհրաժեշտ է, եթե ուզում ենք պետություն մնա և լինեն դրական փոփոխություններ։ Մավրն արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա կամ՝ հեռացվի, որ մեր պետությունը ապրելու հնարավորություն ունենա։
Այստեղ տեղին է հիշելը դեռ 2009 թվականին փախուստի մեջ գտնվող Փաշինյանի նամակը Միխեիլ Սաակաշվիլուն, որտեղ անդրադառնալով ռուս-վրացական պատերազմում պարտությանը, գրում էր, որ Վրաստանի իշխանությունը պետք է ունենա պետականասիրություն և հենց իրեն պարտված ճանաչի՝ երկիրը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց իշխանությունն է պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Այդտեղ նա պնդում էր, որ եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա ընդամենը նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. նոր կյանք սկսելու հնարավորություն կստանա։ Այլապես՝ ամեն անգամ վրաց ժողովուրդը նրան տեսնելիս հիշելու է մղձավանջային պարտությունը, ստորացումը, ու մարդիկ չեն կարողանալու առաջ նայել։
Արայիկ Հարությունյանը շատ ուշացումով, բայց արեց իր քայլը։ Հերթը Նիկոլ Փաշինյանինն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ