«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ խորհրդարանում խոսեց ներքաղաքական թեմայի շուրջ եւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր հերոսը մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով: «Ես, անկեղծ ասած, չեմ մեղադրում «Հայաստան» խմբակցության պատգամավորներին նման մարդկանց իրենց օգնական նշանակելու հարցում, ես ավելի շատ ուզում եմ իմ դժգոհությունն արտահայտել մեր իրավապահ մարմինների նկատմամբ, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ խուլիգանական պահվածք ցուցաբերած անձինք, ԱԺ-ի միջանցքներում պտտվելու փոխարեն, պետք է քրեակատարողական հիմնարկներում այս պահին իրենց պատիժը կրեին», – ասաց նա: Խոսքը Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի մասին է: Սա նշանակում է, որ երկրի թիվ մեկ ամբիոնից քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին:
Թեմայի շուրջ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր հիշեցում արեցին. 2018 թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, որը, իր ելույթի խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա նա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ: Եվ հիմա նույն Նավոյանի վարույթում է քննվում Արարատ Միրզոյանին 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը ծեծի ենթարկելու գործը: Ստացվում է՝ Էդուարդ Աղաջանյանի կոնկրետ հայտարարությունը՝ քննիչ Նավոյանի ով լինելը, ինչպես նաեւ Գերասիմ Վարդանյանի՝ ԱԱԾ-ում զանգվածային անկարգությունների մասով որպես մեղադրյալ անցնելը միմյանց կողքին շարելուց հետո պետք է եզրակացնել, որ առաջիկայում դաշնակցական Գերասիմ Վարդանյանը կկալանավորվի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը