12 10 2021

Առողջապահության նախարարությունը նոր մեթոդներ է մշակում. «Հրապարակ»

Առողջապահության նախարարությունը նոր մեթոդներ է մշակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, մեր տեղեկություններով, նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել։ Ու սկսել են հենց իրենցից՝ բուժհաստատություններից։

Մեզ ասացին, որ նախարար Անահիտ Ավանեսյանը քովիդով հիվանդների բուժման համար դոտացիոն գումարներ ստացող բժշկական կենտրոններին հրահանգ է իջեցրել, որ այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսը եւ ավելին պատվաստված չի լինի, հաջորդ ամսվանից 30 տոկոսով պակաս ֆինանսավորում, ըստ այդմ` աշխատավարձ կստանան։ Եվ խոսքը միայն քովիդով հիվանդ բուժող բաժանմունքներին չի վերաբերում, այլ ամբողջ անձնակազմին։

Փոխարենը, այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված կլինի, հակառակը՝ կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճար։ Սրանով նախարարությունը փորձում է բժիշկների շրջանում պատվաստման բարձր ցուցանիշ ապահովել, որպեսզի նրանց օրինակով շարքային քաղաքացիներն էլ պատվաստվեն։ Սրանով նաեւ մասամբ կլուծվի այն խնդիրը, որի մասին շատերն են ասում` հակապատվաստումային քարոզարշավը հիմնականում հենց բժիշկներն են անում։

Իսկ պատվաստված բժիշկը դժվար թե նման քարոզչություն անի: Մենք առողջապահության նախարարությունից այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք, սակայն այնտեղից մեզ ասացին՝ չեն մեկնաբանում տեղեկությունը։ Ինչը խոսում է այն մասին, որ տեղեկատվությունը ստույգ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ