«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ես սա ձախողում չեմ համարում»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով պատվաստումների գործընթացը տապալելու մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում է, թե չի համարում ձախողված պատվաստումների գործընթացը:
Բայց շատ կարեւոր է իմանալ նաեւ, թե ՀՀ-ում պատվաստված 6 տոկոս քաղաքացիներից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, քանիսը` օտարերկրացիներ, եւ ամենակարեւորը` քանիսն են նրանցից բուժաշխատողներ: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարությունից պատասխանեցին, թե միայն ամեն ամսվա վերջում կարող են տալ թվեր, թե քանի օտարերկրացի է պատվաստվել: Այս ամենը այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստում հանձնարարել էր Առողջապահության նախարարությանը ամեն օր հրապարակել, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են ՀՀ, քանիսն են օտարերկրյա քաղաքացիներ: Այսինքն` վարչապետի հանձնարարականը հետեւողականորեն չի կատարում Անահիտ Ավանեսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց նաեւ, թե օտարերկրացիների համար օգտագործված պատվաստանյութերը ՀՀ պետբյուջեի վրա մինչ օրս ինչ են արժեցել, սակայն այս հարցին էլ չպատասխանեցին:
Որպես ամփոփում` պետք է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, ՀՀ պետբյուջեից՝ հարկատուների հաշվին գնել է պատվաստանյութ եւ մոտ վեց ամիս զբաղված է, իսկ պատվաստման գործընթացը նմանվում է պատվաստանյութերի մսխման, քան թիրախային խմբերի առողջության պահպանման գործընթացի: Նախարարությունը ցուցանիշ է ապահովում, այլ ոչ թե զբաղվում մարդկանց առողջության, վարակից հեռու պահելու կարեւորագույն աշխատանքով:
Դա է պատճառը, որ ՀՀ գործող իշխանությունը տարածաշրջանում ունի ամենացածր վարկանիշը իր քաղաքացիների շրջանում. Ընդամենը 6 տոկոսն է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ պատվաստվել, ու դեռ չգիտենք, թե այդ վեցից քանիսն են օտարերկրացի:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում