27 07 2021

Ինչ կա թաքնված խոշոր հարկատուների վճարած հարկերի տակ. «168 ժամ»

Ինչ կա թաքնված խոշոր հարկատուների վճարած հարկերի տակ. «168 ժամ»

«168 ժամը» գրում է․  Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կեսի խոշոր հարկատուների ցանկը։

Հիշեցնենք, որ կառավարության կատարած փոփոխությունից հետո  ցանկում ընդգրկված են նաև պետական կառավարման մարմինները, չնայած դրանք հիմնականում տնտեսական գործունեությամբ չեն զբաղվում ու խոշոր հարկատու են ընդամենը նրանով, որ աշխատավարձից եկամտային հարկ են վճարում։ Դա տնտեսական գործունեության հետ կապված չէ։ Ընդհակառակը, այդ մարմինները նստած են տնտեսության վրա և ֆինանսավորվում են տնտեսության կողմից գեներացված հարկերի հաշվին։

Բայց կառավարությունը որոշել է, որ դրանք ևս պետք է ներառվեն խոշոր հարկատուների ցանկում, որպեսզի խոշորների վճարած հարկերն ավելի տպավորիչ լինեն։ Չնայած դրանից մեր տնտեսության մեջ ձևավորվող հարկերի պատկերը չի փոխվում։ 

Խոշորների վճարներն առաջին կիսամյակում կազմել են 584 մլրդ դրամ, ինչը 50 միլիարդով ավելի է նախորդ ճգնաժամային տարվանից, երբ ունեցանք հարկային եկամուտների էական կրճատում։ Խոշորների վճարները 9,3 տոկոսով ավելացել են, բայց դա խիստ անհամաչափ է բաշխվել ցանկում ընդգրկված ընկերությունների վրա։ Տուժողը եղել են, այսպես ասած, փոքր խոշորները։

Ցանկի առաջին հարյուրյակում ընդգրկված հարկատուների վճարած հարկերն ավելացել են ընդամենը 3,7 տոկոսով։ Այնինչ՝ վերջին հարյուրյակի ընկերությունները 18 տոկոսով ավելի շատ հարկ են վճարել, քան վճարել էին անցած տարի։ Այս խմբի հարկատուների վրա հարկային բեռի ծանրացումն անհամեմատ մեծ է եղել։

Այս տարի խոշորների կողմից ավել վճարված 50 մլրդ դրամի գրեթե կեսը բաժին է ընկել ընդամենը 4-5 ընկերության։ Ընդ որում, դրանցից մեկը պետական կառավարման մարմին է։ Խոսքը Պաշտպանության նախարարության մասին է։ Վերջինս նախորդ տարվանից 8,9 միլիարդով ավելի հարկ է վճարել։ Այն կազմել է շուրջ 25,4 մլրդ դրամ, որից 20 միլիարդը եկամտային հարկն է։

Մյուսները եղել են հանքարդյունաբերության, մասնավորապես՝ մետաղական հանքեր շահագործող ընկերություններ, որոնց հետևից վերջին շրջանում ընկել է կառավարությունը։ Ոչ միայն պատրաստվում է պետտուրքի տեսքով լրացուցիչ գումարներ գանձել, այլև տարբեր միջոցներով խոչընդոտներ է ստեղծում ոլորտում գործող ամենախոշոր ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» համար։

 

Տարվա առաջին կեսին կոմբինատը պետական բյուջե է վճարել 26,8 մլրդ դրամ։ Հիմնական մասը՝ ավելի քան 17 միլիարդ, երկրորդ եռամսյակում։ Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերն ավելացել են 3,6 միլիարդով։

Շատ ավելի կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել «Թեղուտի» պարագայում։ Կատարած հարկային պարտավորություններն ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով 9,8 միլիարդի։

 

Հարկային պարտավորությունների առումով զարմանալի ակտիվություն է գրանցվել «Լիդիան Արմենիայի» դեպքում։ Չնայած կառավարության անպատասխանատվության հետևանքով այս ընկերությունը 3 տարի շարունակ ո՛չ կարողանում է իրացնել տնտեսական գործունեության իր իրավունքը, և ո՛չ էլ այդ իրավունքը կասեցվում է, այնուհանդերձ, այն բավական խոշոր գումարի հարկային պարտավորություն է կատարել։ Վճարվել է ավելի քան 4,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 245 միլիոնի դիմաց։ Վճարի մեծ մասը՝ 3,9 միլիարդը, եղել է ԱԱՀ գծով։

782 մլն դրամով ավելացել են նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերը՝ կազմելով 1,8 միլիարդ։

Ընդհանուր առմամբ՝ մետաղական հանքերի շահագործման ոլորտում գործող այս 4 ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կատարել է 42-43 մլրդ դրամի պարտավորություն, ինչը գրեթե 15 միլիարդով ավելի է նախորդ տարվանից։ Մի կողմից՝ արդյունահանման ծավալների աճը, մյուս կողմից՝ միջազգային շուկաներում մետաղների թանկացումը բերել է այդ ընկերությունների վճարած հարկերի ավելացման։

Ի տարբերություն դրանց, նվազել են հանքարդյունաբերության ոլորտի մեկ այլ խոշոր ընկերության՝ «Գեոպրոմայնինգ գոլդի» վճարած հարկերը։ Նվազումը կազմել է 3,5 միլիարդ։

Սա ղարաբաղյան պատերազմի ուղղակի հետևանքներից մեկն է մեր տնտեսության վրա։ Այն կապված է Սոթքի հանքի հետ, որի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Բայց խնդիրները միայն այս ընկերության մոտ չեն։ Վճարած հարկերը վկայում են, որ տնտեսության մեջ զբաղված շատ հարկատուների մոտ գործերն այնքան էլ լավ չեն։ Դա ակնհայտ է հատկապես ծխախոտի արտադրության և ոչ միայն՝ արտադրության ոլորտում։

Կտրուկ կրճատվել են տեղական ամենախոշոր արտադրողի՝ «Գրանդ Տոբակոյի» վճարած հարկերը։ Նախորդ տարվա առաջին կեսին այն վճարել էր՝ գրեթե 26,3 մլրդ դրամի, այս տարի վճարել է 12,9 միլիարդի հարկ։

Ընկերության վճարած հարկերն ավելի քան կրկնակի պակասել են։ Դա տեղի է ունեցել արտադրության ծավալների կրճատման հետևանքով։

Նվազել են նաև ծխախոտի ներմուծման ոլորտում գործող «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության կատարած վճարները։ Նախորդ տարվանից այն պակաս է վճարել 1,5 մլրդ դրամ։

Առաջին կիսամյակում 1,2 մլրդ դրամով աճել են միայն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» վճարած հարկերը։ Անկախ դրանից՝ ակնհայտ է, որ ծխախոտի արտադրության ու իրացման ոլորտում նոր խնդիրներ են ի հայտ եկել, որոնք հանգեցրել են պետական բյուջե վճարվող հարկերի զգալի կրճատմանը։ Միայն նշված 3 ընկերությունները գրեթե 14 մլրդ դրամով պակաս հարկ են վճարել, քան վճարել էին անցած տարի։

Կտրուկ կրճատվել են հեռահաղորդակցության ոլորտում գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության պարտավորությունները։ Խոսքը նախկին «Վեոն Արմենիայի» մասին է, որն անցած տարի ձեռք բերեցին իշխանություններին մոտ կանգնած Եսայան եղբայրները։ Գործարքից հետո այս տարվա առաջին կեսին ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կատարել է 2,2 մլրդ դրամի պարտավորություն՝ անցած տարվա գրեթե 8,9 միլիարդի փոխարեն։

Հեղուկ վառելանյութի շուկայում վերջին շրջանում սկսված վերաբաժանումներն իրենց ազդեցությունն են ունեցել ոլորտում գործող ընկերությունների վճարած հարկերի վրա։ Թուլացել են շուկայի 2 ամենախոշոր մասնակիցների՝ «ՍիՓիԷս Օիլի» և «Ֆլեշի» դիրքերը, նվազել են հարկերը։

Անցած տարվա 9,7 միլիարդի դիմաց՝ այս տարի «ՍիՓիԷս Օիլը» վճարել է 6,8 մլրդ դրամ. 2,9 միլիարդով պակաս, քան 2020թ.։ «Ֆլեշի» վճարած հարկերը կրճատվել են 1,6 միլիարդով։

Բավական կտրուկ առաջադիմել է «Մաքս Օյլ» ընկերությունը։ Նախորդ տարի վճարել էր 959 մլն դրամ, այս տարի հասցրել է կատարել ավելի քան 3,5 միլիարդի պարտավորություն։

Չնայած արձանագրվող բարձր գնաճին՝ նվազել են Սամվել Ալեքսանյանին պատկանող սիթիների վճարած հարկերը։ Նախորդ տարի դրանք կազմել էին 4,4 մլրդ դրամ, այս տարի կազմել են 3,7 միլիարդ։ Սա ենթադրում է, որ առևտրի շրջանառությունը սիթիներում կրճատվել է՝ նույնիսկ անցած ճգնաժամային տարվա համեմատ, կամ գուցե մեծացել է ստվերը։

Մեծածախ առևտրի ոլորտում գործող նույն գործարարին պատկանող մյուս ընկերությունը՝ «Ալեքս ընդ Հոլդինգը», արտաքուստ ավելացրել է վճարած հարկերը, բայց զուտ այն բանի հաշվին, որ դաշտից կրկին հեռացել է «Ալեքս Հոլդինգը»։ «Ալեքս ընդ Հոլդինգն» ու «Ալեքս Հոլդինգն» անցած տարվա առաջին կեսին միասին վճարել էին 4 մլրդ դրամի կարգի հարկ, այս տարի «Ալեքս Հոլդինգը» դաշտից դուրս է եկել, իսկ «Ալեքս ընդ Հոլդինգը» վճարել է կրկին 4 միլիարդի կարգի հարկ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ