12 06 2021

Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը․ «168 ժամ»

Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը համաշխարհային մասշտաբի անհեթեթությունների ու ռեկորդների երկիր է, աննախադեպ՝ բառի ամենաբացասական իմաստով։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք դուրս են մարդկային բանականության սահմաններից, հանրային, քաղաքական, քաղաքագիտական օրենքներից ու օրինաչափություններից։

Նոնսենսների գծով Հայաստանում անգերազանցելի է Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը, գրեթե ամեն օր հանդես է գալիս քաղաքական և ոչ միայն քաղաքական օրենքների ջախջախմամբ։ 

Հերթական քարոզչական էքստազի մեջ նա Վանաձորում ազդարարել է «Հայաստանում ժողովրդավարական պողպատյա հեղափոխության մեկնարկը»։

Այսինքն՝ երկրում իշխանություն ունեցող մարդը, իշխանության ղեկավարը հայտարարել է հեղափոխության՝ իշխանության դեմ պայքարի մեկնարկի մասին։

Մարդկության պատմության մեջ գրեթե բոլոր հեղափոխությունները տեղի են ունեցել իշխանության, իշխող կարգի դեմ։ Բացառություններ, իհարկե, եղել են, պատմությունն ունի նաև մշտական կամ պերմանենտ հեղափոխությունների հայեցակարգեր։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը դրանց կրողն է, ապա պարտավոր է խոստովանել, որ ինքն առվազն տրոցկիստ է և շարունակում է Մարքսի ու Լենինի ուղին՝ կառուցելով «սոցիալիզմ՝ առանձին վերցրած մի երկրում»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման խոստովանություն չի արել, հակառակը՝ նախորդ հեղափոխության ժամանակ հայտարարել է, որ չի դավանում որևէ իզմ-ի։ Հետևաբար՝ նրա վանաձորյան թեզերը չեն կարող լղոզվել պատմագաղափարական հղումներով։

Իրականությունն այն է, որ վերջին երեք տարիներին համաշխարհային քաղաքականության մեջ հակառեկորդներ գրանցած Հայաստանն արձանագրում է հերթական խոշոր, հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական ռեկորդը՝ իշխանությունը պատրաստվում է հեղափոխության, այսինքն՝ իշխանության դեմ պայքարի։

Իրականում այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականն է, խոստովանությունն այն մասին, որ իր կարողությունների գագաթնակետը պոպուլիստ հեղափոխականի կերպարն է, դրանից ավելիի նա ընդունակ չէ ի բնե։ Ինչ-որ առումով այս հայտարարության մեջ կա նաև անկեղծության բաղադրիչ․ մարդը խոստանում է անել այն, ինչն ամենալավն է կարողանում։

Իրականում անցած երեք տարիներին՝ լինելով երկրի ղեկավարի կարգավիճակում, նա շարունակել է հեղափոխությունը, ինչի հետևանքն է պետության այսօրվա աղետալի իրավիճակը։ Հայտնվելով պետության ղեկին՝ նա արել է այն, ինչ կարողանում է՝ հեղափոխություն, լաչառություն, քայքայում, ջախջախում, ավեր։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ եթե նա 2018 թվականին հեղափոխությամբ պայքարել է իշխանության դեմ և հաղթել է, ապա դրանից հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը, որի նկատմամբ հաղթանակը նշանավորվելու է պետության վախճանով։

Նիկոլ Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը։ Այդ առումով նա իր վերջին հեղափոխության անվանումը սխալ է ընտրել․ բովանդակային իմաստով նա իրագործում է բազալտե կամ գրանիտե հեղափոխություն, որովհետև հենց այդ նյութերից որևէ մեկով է պատրաստված լինելու Հայաստանի վերջի մասին հիշեցնող  շիրմաքարը, որի առաջ խոնարհվելու հնարավորության համար էլ պայքարում է Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ