07 05 2021

Ինչպե՞ս եղավ, որ առանց կռվի ու կրակոցի զորքը մոտ 50 կմ նահանջեց. «Հրապարակ»

Ինչպե՞ս եղավ, որ առանց կռվի ու կրակոցի զորքը մոտ 50 կմ նահանջեց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևի գիտեք, որ ամենաշատը կամավորական ջոկատներին՝ պատերազմի օրերին, անդամակցել են Սյունիքից ու Արցախից՝ հասկանալի պատճառներով. մարդիկ իրենց տունն են պաշտպանել, ի տարբերություն Կասկադում նստած երևանցիների, քանի որ վտանգը սեփական աչքով են տեսել: Սյունիքի ջոկատները հիմնականում մի ճակատում են եղել՝ Սյունիքի սահմանից 140 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ շատ թեժ է եղել, ջոկատներն էլ հիմնականում գյուղապետերն ու համայնքապետերն են ղեկավարել: Ուրեմն այս ճակատում հոկտեմբերի 17-ին կապ են տվել հրամանատարներին, կանչել են Գորիս` վարչապետի մոտ խորհրդակցության: Հրամանատարները կարծել են, թե ինչ-որ հույժ կարեւոր ռազմական օպերացիայի քննարկում է նախատեսվում, շտապ հավաքվել՝ եկել են:

Խորհրդակցության ժամանակ մեր սիրելի վարչապետը մի միտք է ասել, թե բա՝ պիտի պատրաստվեք Սյունիքի պաշտպանությանը: Տղերքը շոկի մեջ են ընկել, ասում են՝ Քաջարանի քաղաքապետը չի դիմացել, թե՝ «Պարոն վարչապետ, ի՞նչ Սյունիք, մենք 140 կիլոմետր էն կողմում են, մենք որտե՞ղ ենք կռվում, Դուք ի՞նչ եք ասում»: Քանի որ ուրիշ հիշարժան միտք չի հնչել, քոռ ու փոշման 2 օր հետո վերադարձել են իրենց դիրքերը: Հետ են գնացել ու տեսել, որ զորքը հսկայական նահանջ է ունեցել, էդ 140 կիլոմետրի մոտ կեսի չափով ու դիրքերում իրենց փոխարինող հրամանատարները սկսել են իրար մեղադրել, որ պարզեն, թե ինչպես եղավ, որ առանց կռվի ու կրակոցը զորքը մոտ 50 կիլոմետր նահանջեց: Ի՞նչ է պարզվել, այն օրը, երբ հրամանատարները Գորիս են մեկնել՝ խորհրդակցության, այդ գիշերը դիրքերում մնացած տղերքին կապ են տվել, ասել՝ «դուք շրջափակման մեջ եք ընկել, հետ եկեք, կողքի դիրքերն արդեն նահանջել են»: Սրանք բոլորով հետ են եկել, իրար հետ կռվել, թե՝ ինչի՞ ես դիրքդ թողել, մենք կանգնած էինք ու դեռ էլի կկանգնեինք։ Պարզվել է, որ ոչ մեկն ինքնակամ չի թողել իրեն վստահված դիրքը, բոլորին զանգել՝ նույն բանն են ասել, եւ բոլորն էլ նահանջել են:

Հիմա կասեք՝ սուտ են ասում, վախեցել՝ փախել են, իրար վրա են գցում։ Հնարավոր է, որ այդպես էլ եղած լինի, բայց հարց է ծագում՝ մեր սիրելի վարչապետը չգիտե՞ր, որ զորքը չի կարելի թողնել առանց հրամանատարների եւ կանչել ինչ որ անկապ խորհրդակցության։ Չէ որ այդ ընթացքում ինչ ասես կարող էր լինել, այնպես չի, որ մի շատ կարևոր բան է ունեցել ասելու։ Այդ՝ «տղերք, Սյունիքն էլ պիտի պաշտպանեք» կոչը կարող էին նաեւ կապի այլ միջոցներով փոխանցել, այդ մի նախադասությունն ասելու համար ինչու՞ էր կանչում Գորիս բոլորին, իրար գլխի հավաքում: Էլ չեմ ասում՝ շատ հեշտ է պարզել, թե այդ երկու օրը ովքեր են զանգել զորքի հետ մնացած հրամանատարներին եւ ասել՝ նահանջեք։ Եթե հողերը հանձնել են նախկինները, կապիտուլյացիայի միակ մեղավորն են նախկինները, բա Գորիսի խորհրդակցությունը ո՞վ է արել ու ինչպե՞ս է ստացվել, որ խորհրդակցությունից անմիջապես հետո այդպիսի խայտառակ նահանջ է տեղի ունեցել, որը, հաստատապես, ազդել է պատերազմի ելքի վրա»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ