04 05 2021

Ի՞նչն է խանգարում մարդկանց մատակարարել ավելի մեծ վստահություն վայելող պատվաստանյութ․ Գևորգ Գրիգորյան․ «Փաստ»

Ի՞նչն է խանգարում մարդկանց մատակարարել ավելի մեծ վստահություն վայելող պատվաստանյութ․ Գևորգ Գրիգորյան․ «Փաստ»

«Մեր երկրում համաճարակային իրավիճակը չի շտկվում, տարբեր բնորոշումներով՝ ավելի է վատթարանում: Մյուս կողմից էլ՝ սկսվել է պատվաստման գործընթացը, ինչի շուրջ տարակարծությունները շատ են, շատ դեպքերում առողջապահական գերատեսչության կողմից չեն տրվում հստակ և սպառիչ բացատրություններ քաղաքացիներին հուզող տարբեր հարցերի վերաբերյալ: Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը հակահամաճարակային իրավիճակը բնութագրում է մեկ բառով՝ ողբալի:

 

«Ողբալի իրավիճակ է: Մենք չունենք որևէ տեսակի պայքար, տապալում ենք պատվաստումների գործընթացը, չենք կարողանում կորոնավիրուսի դեմն առնել: Տապալվեց կանխարգելումը, տապալվեց կորոնավիրուսի վարման պրոցեսը, երբ Հայաստանում հաստատվեցին կորոնավիրուսի դեպքերը, հիմա էլ տապալվում է պատվաստումների, իմունիզացիայի գործընթացը: Որևէ արդյունավետ բան չի արվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը:

Անդրադառնում ենք պատվաստանյութերի շուրջ ընթացող բանավեճին: Մի դեպքում Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատվաստումների դեմ Հայաստանում շարժումներ են սկսվել, բայց մյուս դեպքում՝ քաղաքացիներն անկեղծորեն մտահոգ են կոնկրետ պատվաստանյութի հետ կապված տարբեր երկրներից ստացվող տեղեկատվությամբ, մասնավորապես, որ այն առաջացնում է թրոմբ, այլ հիվանդություններ, անգամ մահվան պատճառ է դառնում: «Նախ՝ նշեմ, որ Փաշինյանը հերթական անհեթեթությունն է ասում, հակապատվաստումային որևէ տեսակի պայքար չի գնում, ընթանում է քննարկում, ինչը նորմալ է: Վերլուծում ենք տվյալները, որոնք ստացվում են տարբեր կառույցներից, լրատվամիջոցներից և այլն։ Դրանք մեկնաբանվում են ոլորտի փորձագետների կողմից։ Գլխավոր ապիկարը հերթական անգամ փորձում է մեղավորությունն ինչ-որ մեկի վրա բարդել։ Բնակչության շրջանում ավելի մեծ վստահություն է վայելում, օրինակ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը, քան «AstraZeneca»-ն։ Ի՞նչն է խանգարում մարդկանց մատակարարել «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

 

Ինչո՞ւ են ամենահասարակ հարցն անլուծելի խնդիր դարձնում։ Օրերս նվեր ենք ստացել հարյուր հազար դեղաչափ չինական պատվաստանյութ։ Դեռևս որևէ տեղեկություն չունենք դրա մասին, չգիտենք՝ լա՞վն է, թե՞ վատը, ինֆորմացիայի չենք տիրապետում։ Հարց է ծագում՝ եթե կա պատվաստանյութ, որի մասին բացասական որևէ խնդիր չի արձանագրվել, ինչո՞ւ չենք բերում այդ պատվաստանյութը, ինչո՞ւ ենք պարտադրաբար բերում սկանդալային պատվաստանյութ, ուզում, որ այն մեզ մոտ կիրառվի, ու հետո էլ նեղանում, որ չի կիրառվում։ Դա ի՞նչ գործելաոճ է։ Նման օրինակ բերեմ։ Տղամարդն ամուսնանում է մի աղջկա հետ, որն իր մոր սրտով չէ։ Բերում է տուն, և սկսվում են վեճերը։ Հիմա հարց՝ կա՛մ թող տուն չբերի այդ աղջկան, կա՛մ էլ չամուսնանա նրա հետ։ Բայց նա ուզում է և՛ ամուսնանալ, և՛ որ կռիվ չլինի։ Այդպես չի լինում։ Հիմա այս դեպքում ուզում են մարդիկ պատվաստվեն, և պատվաստվեն սկանդալային պատվաստանյութով։ Սա հնարավոր չէ տեղավորել նորմալ մարդու հոգեբանության և մտածելակերպի մեջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ իսկ դեռ հնարավո՞ր է առողջապահության ոլորտում ստեղծված այս բարդ իրավիճակը շտկել, Գրիգորյանը դրական է արձագանքում. «Իհարկե, հնարավոր է։ Ես, իմ գործընկերները, տարբեր գործիչներ բազմիցս հանդես ենք եկել խորհուրդներով։ Քանի որ մեր կառավարությունը չի կարողանում և չի ուզում հասկանալ, ընկալել այդ խորհուրդները կամ, հնարավոր է, իրենց մոտ Դանինգ-Կրյուգերի սինդրոմ է (ճանաչողական կողմնակալություն, երբ ցածր ունակություններով անձինք տառապում են երևակայական գերազանցությամբ և սխալմամբ իրենց մտավոր կարողությունները գնահատում են շատ ավելի բարձր, քան իրականում է-խմբ.), ես այլևս չեմ պատրաստվում խորհրդատվություն տրամադրել նրանց։ Իրավիճակի՝ իմ շտկման միակ մեխանիզմն իշխանափոխությունն է։ Ապիկարները պետք է հեռանան։ Յուրաքանչյուր մարդ պետք է անի այն, ինչի համար ստեղծված է։ Մեր երկրի թիվ մեկ ապիկարը ստեղծված է սուտ լուրեր տարածելու, մարդկանց վարկաբեկելու, մարդկանց վրա շառ անելու համար։ Նրա ամբողջ կյանքի ուղին անցել է նման կերպ։ Ինքը դրա համար է ստեղծված, թող շարունակի զբաղվել դրանով»,-հավելում է առողջապահության կազմակերպիչը։

Փաստորեն, ինչպես և կարծիք էին հայտնում ոլորտի փորձագետները, առողջապահության նախարարի փոփոխությունը ևս որևէ դրական միտում չունեցավ: «Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ապիկարը մնում է ապիկար։ Դրական միտում կլինի միայն այն դեպքում, երբ ապիկարները հեռանան իշխանությունից»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ