17 04 2021

Փաշինյանը սեփական նեղ, ճղճիմ նպատակների համար հրահանգել է հրապարակել պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ․ «168 ժամ»

Փաշինյանը սեփական նեղ, ճղճիմ նպատակների համար հրահանգել է հրապարակել պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ․ «168 ժամ»

Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է նախորդ տարի՝ պատերազմից առաջ ու դրա ընթացքում ԱԽ նիստերի ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի զեկույցներից հատվածներ, հրապարակել է ընտրողաբար, հրապարակել է միայն այնպիսի հատվածներ, որոնք իբրև թե ապացուցում են Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ-ում արած հակասական ու աբսուրդային հայտարարությունները՝ պատերազմում պարտության մեղքը Օնիկ Գասպարյանի ու միայն բանակի վրա բարդելու նպատակադրմամբ։

Խնդիրը, սակայն, ԱԽ գրասենյակի հրապարակած տեղեկությունների իսկությունը կամ արժանահավատությունը չէ, այլ առաջին հերթին՝ երևույթն ինքնին։

 

Նիկոլ Փաշինյանը սեփական նեղ քաղաքական, ճղճիմ նպատակների համար հրահանգել է հրապարակել պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, որոնք այդպիսի կարգավիճակ կարող են ունենալ ընդհուպ տասնամյակներով։

Ահա ուրեմն այդ տեղեկությունները, հանուն սեփական լաչառության արդարացման, դառնում են հանրության սեփականությունը, ոչ միայն ու, բնականաբար, ոչ այնքան հայկական, որքան նախ՝ ադրբեջանական ու թուրքական հանրության սեփականությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է, չափազանց վտանգավոր։ Նա պատրաստ է պետական գաղտնիքը, ազգային անվտանգության շահերը ստորադասել սեփական սևեռուն մտքերին ու հավակնություններին։ Նա չունի ներքին ու արտաքին արգելակներ և հանուն սեփական իշխանության պահպանման ունակ է զոհասեղանին դնել Հայաստանը, ինչն արդեն իսկ արել է և շարունակում է անել։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Թշնամանքի կամ դրա վերացման թեման դարձել է նրա հերթական մտասևեռումը։ Նա խոսում է արտաքին թշնամիներին ներելու ու ներքին թշնամիներին պատժելու մասին։ Խոսում է անարգել ու անհակադարձ, որովհետև այն բոլոր աղետներից հետո, որ նրա անձնական ու անանձնական մասնակցությամբ պատուհասել են Հայաստանը, հայ հասարակությունը գոնե մի անգամ չի մտածել ու չի հասկացել, որ գործ ունի թշնամու հետ, ով քանդում է պետականությունն ու ճանապարհ է հարթում իրական թշնամիների շահերի սպասարկման համար։

ԱԽ գրասենյակը հրապարակել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստերի սղագրությունների մի քանի հատվածներ միայն։ Պատկերացնել կարելի է, թե ում կարող էին հասու դառնալ այդ սղագրությունների ջնջված հատվածները։

Բացառված չէ, որ կարեկցանքի հերթական նոպայի ժամանակ դրանք ուղարկված լինեն Ալիևին։ Հնարավոր է՝ այն նույն ծրարով, որով վերջինս ժամանակին հաղորդակցվել է Նիկոլ Փաշինյանի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ