«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորից կարիերայի սրընթաց աճ արձանագրած եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանի համար նոր ոլորտ է առանձնացվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Ազգային անվտանգության ծառայությունում ոչ միայն հանդիսանում է Քննչական դեպարտամենտի ղեկավար եւ զբաղվում է այդ հարցերով, այլ հատուկ նրա համար ԱԱԾ-ի տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդման բաժնից առանձնացվել է երկու բաժին եւ տրվել նրան, քանի որ քաղաքական ղեկավարությունը նրան վստահել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը։
Այսինքն՝ նրան կոնկրետ նպատակով են Ազգային անվտանգության ծառայություն գործուղել եւ հստակ հանձնարարականներ տվել, որոնք էլ առաջիկայում նա պետք է իրականացնի: Եվ հենց դա է պատճառը, որ այժմ Անդրանիկ Սիմոնյանի մոտ կա դատավորների, այսինքն՝ իր նախկին գործընկերների անուններով մի ցուցակ, որոնց նկատմամբ առաջիկայում պետք է կոնկրետ քայլեր լինեն, եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի օրինակով նրանք եւս պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին: Խոսքը դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Կարինե Պետրոսյանի, Զարուհի Նախշքարյանի մասին է:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է հավաքվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետեր Օնիկ Գասպարյանի եւ Մովսես Հակոբյանի մասով։ Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասենք նոր քրեական գործերի, որով մեղադրյալ կլինի հենց շտաբի նախկին պետը: Այսինքն՝ քաղաքական իշխանությունը անցել է գործի, եւ իրավապահ ու ուժային համակարգի առջեւ հստակ պահանջ են դրել, որ պետք է ճանապարհից հեռացնել անհնազանդներին, եւ դա վստահել մի մարդու, որը, լինելով դատավոր, անգամ իր վարույթում գտնվող գործերով նիստերին չի մասնակցել եւ համակարգում այնքան էլ լավ համբավ չի վայելում, բայց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է եւ քաղաքական կամակատարը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը