«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է հերթական սկանդալային նշանակումն անել` Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Դավիթ հոլդինգի» տնօրեն, մայրաքաղաքի խոշոր գծերից մեկի տնօրեն Արմեն Բեգունյանին։
Այս նշանակման խայտառակությունն այն չի լինելու, որ փաստացի խոշոր գծատերը նշանակվելու է գծերը հսկող կառույցի ղեկավար, այլ այն, որ Բեգունյանը քաղաքապետարանի նկատմամբ մեծ պարտքեր է կուտակել և նախկին պետի միջոցով ջրել է պարտքերը։ Բանն այն է, որ ՓԲԸ նախկին տնօրեն Արման Մխիթարյանը կոռուպցիոն սկանդալի պատճառով, առանց ազատման դիմումի, ամիսներ առաջ լքել է պաշտոնը, ինչպես նաև՝ Հայաստանը, և բնակություն հաստատել ԱՄՆ-ում։
«Երևանտրանսի» տնօրեն աշխատելու ընթացքում Մխիթարյանը, այսպես կոչված, հանցավոր համաձայնության է եկել Բեգունյանի հետ, որին պատկանող ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել քաղաքապետարանի նկատմամբ․ խոսքը մոտ 240 միլիոնի մասին է, սպասարկել է 10 երթուղի։
Մխիթարյանը «ջրել» է Բեգունյանի պարտքերը՝ դրա դիմաց ստանալով իր «փայը», սակայն, երբ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, արտագաղթել է։ Եվ զավեշտն այն է, որ Հայկ Մարությանի մտերիմ Մխիթարյանը կոռուպցիոն սկանդալի համար ոչ միայն անպատիժ է մնացել ու կարողացել է ճողոպրել երկրից, այլև օտար ափերից բարեխոսում է Բեգունյանի համար։ Մեզ ասացին, որ Մխիթարյանն է խնդրել Մարությանին՝ իր փոխարեն պաշտոնի նշանակել Բեգունյանին։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի ծառայությունով, և որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։
Դեռևս նրա նշանակման ժամանակ՝ 2019-ին, մենք գրել էինք, որ տարօրինակ է Մարությանի ճաշակը, ով, փաստորեն, մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքները համակարգելու գործը վստահել է ոչ այնքան բարի համբավ ունեցող մեկին։ Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանից, ով նաև տրանսպորտի գծով համակարգող է, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը