31 03 2021

Հովիկ Աղազարյանը գոհ է պատերազմի արդյունքներից․ «Իրավունք»

Հովիկ Աղազարյանը գոհ է պատերազմի արդյունքներից․ «Իրավունք»

«Իշխանությունների հարցազրույցները վերջին շրջանում մշտապես աչքի են ընկնում խիստ քննադատություններով: Իսկ պատճառը դրանցում հնչած հա­կապետական, հակահայկական ձևակերպումներն են կամ արտահայտված մտքերը, որոնք, ցավոք, դուրս են գալիս իշխող կուսակցության կարկառուն դեմքերի շուրթերից: Այդպիսին էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերջին հարցազրույցներից մեկը, որը, ցավոք, չունեցավ սթափեցնող ոչ մի քայլ, փոխարենը օրերս էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է ականջին չհավատալու հայտարարություններ արել:

Այսպես՝ ըստ Աղազարյանի, ինքը գոհ է պատե­րազմի արդյունքներից, համենայնդեպս, իր տեսակե­տով՝ հարցին, եթե վերջին 30 տարվա կտրվածքով չնայենք, բոլորս էլ գոհ կմնանք պատե­րազմից: Ընդհանրապես, ան­հասկանալի է՝ արդյոք կարող է մեկ հայ գոհանալ պարտված լինելուց, տարածքների խայ­տառակ կապիտուլյացիոն ակտ ստորագրելուց և 5000 զոհեր ունե­նալու դեպքում, էլ չենք խոսում կորածնե­րի, գերեվարվածների մասին:

Արդյոք կա­րելի է խոսել գոնե մեկ արդյունքի մասին, որը գրանցել ենք պատերազմի ավարտից հետո: Աղազարյանն ասում է, որ եթե ընտ­րություններին իրենք պարտվեն, դա հա­մազոր կլինի պատի տակ իրենց (նկատի ունի իշխող թիմի) «գյուլելուն»: Այս պնդու­մը հաստատում է այն տեսակետը, որ այս իշխանությունները նժարի վրա են դրել իրենց հայրենիքը և իշխանությունը, քանի որ այնքան են կառչել այդ աթոռներից, որ կյանքի ու մահվան հարց է դարձել իշխա­նությունում մնալը:

Աղազարյանը, լինելով մոլեռանդ աթեիստ, խիստ վիրավորական արտա­հայտություն է թույլ տվել հանդեպ հոգևոր դասի, հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկո­սի: Ըստ այս մարդու՝ «Կա­թողիկոսի ձայնը համարյա նույնն է, ինչ իրենց գյուղի որևէ գյուղացունը»: Սա հայտարարում է մի մարդ, ով իր փնթի ու ապիկար կա­ռավարման պատճառով Հայ եկեղեցուն զրկել է բա­զում սրբավայրերից, պատճառել հոգևոր և նյութա­կան լուրջ կորուստներ:

Սակայն արդա­րացի կլինի հարցնել՝ իսկ այդ դեպքում, պարո՛ն Աղազարյան, ինչո՞ւ ձեր գյուղա­ցիները չեն միջնորդում, որպեսզի Արցա­խում գտնվող սրբավայրեր կարողանան այցելել հավատացյալներ կամ հոգևոր կյանքը շարունակել: Ու հետո՝ բոլոր հա­յերի կաթողիկոսին, ինչպե՞ս եք դուք հա­մեմատում գյուղացու հետ, արդյոք պետականամետ գործիչը կարող է իրեն թույլ տալ նման անհեթեթություններ: Ինչ­պե՞ս կարելի է մեր հանրությանը չափել ընտրական ձայներով:

Փաստորեն, ստացվում է, որ «Իմ քայլի» բազմաթիվ պատգամավորներ խիստ հանգիստ վիճակում են և իրենց բերած արհավիրքի մասով ոչ մի անհանգստություն չունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ