12 03 2021

Ինչո՞ւ նախագահը կրկին մերժվեց․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ նախագահը կրկին մերժվեց․ «Ժողովուրդ»

«Երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» պաշտոնապես հայտարարեց, որ չի մասնակցելու ՀՀ նախագահի կողմից առաջարկված ձևաչափով հանդիպմանը` պնդելով, որ նման կազմով հանդիպում պետք է կայանա միայն ուղիղ եթերի պայմաններում: ՀՀ նախագահն էլ հայտարարեց, որ լրացուցիչ կհայտնի նոր հանդիպման մասին, քանի որ մինչ այս միայն «Լուսավոր Հայաստանն» էր արձագանքել հրավերին` հաստատելով, որ կմասնակցի քննարկմանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը հարցուփորձ արեց նախագահին մերժած ուժերի շրջանում` հասկանալու համար, թե ինչու չգնացին հանդիպման: Պարզվեց` որևէ մեկը շարժման լիդերներից չի վստահում ո՛չ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ո՛չ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելին՝ նրանք մտաբերում էին մի շարք հարցեր, որոնք այս ընթացքում ուղղակի կամ միջնորդավորված փոխանցվել են ՀՀ վարչապետի կամ նախագահի անունից, բայց հետագայում հարցերը լուծվել են այլ կերպ, քան խոստացված է եղել: Դրա համար այս անգամ եղել է հրապարակավ հավաքվելու պահանջ, որպեսզի ուղիղ եթերում հնչեցված խոստումներից հնարավոր չլինի հետ կանգնել:

Բայց, մյուս կողմից էլ, անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` ԱԺ խմբակցությունների հետ պետք է որոշվի արտահերթ ընտրությունների հարցը, մի խմբակցությունը համաձայնում է, մյուսը, թեև «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է, դեռ լռում է, իսկ երրորդ` առավել ռադիկալ կողմը, մերժում է:

 

Ամեն դեպքում, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ իրենք հուշագիր կստորագրեն ամեն գնով, միայն թե արտահերթ ընտրություններ լինեն: Մնում է հասկանանք՝ այսօր կամ վաղը ինչ կասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ու հենց նրանց դիրքորոշումների և վարչապետի որոշման արդյունքում էլ կլուծվի արտահերթ ընտրությունների հարցը, և կսահմանվեն ժամկետներ»,-գրում է թերթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ