02 03 2021

Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ․ «Ժողովուրդ»

Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ․ «Ժողովուրդ»

«Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնց բովանդակությունը կա՛մ հակասում էր, կա՛մ առնվազն չէր համընկնում իր՝ նախկինում արված հայտարարություններին։

1. Փաշինյանը խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ասելով. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

Սակայն հետաքրքիր է, որ դեռևս 2020 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը կիսանախագահական կառավարման համակարգը ձախողվածներից մեկն էր համարել: Մասնավորապես, Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով կիսանախագահական համակարգին վերադառնալու հնարավորության մասին, նա նշել էր. «Իմ մոտեցումը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, և գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք, և այն ապացուցվել է։

Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին՝ այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ, և փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր, և բուֆեռ էր առաջանում։

Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսատ որևէ բան չունենանք. կա՛մ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաև կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք», – ասել էր նա:

2. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը հայտնի հայտարարությունը տարածելիս։

Սակայն հետաքրքիր է, որ իր այս խոսքերին որպես ապացույց նա ոչինչ չներկայացրեց, միայն պնդումներ, որ Սերժ Սարգսյանը թալանչի է, կոռումպացված է, ուղղորդում է Զինված ուժերը։ Նկատենք, որ Փաշինյանն իր ելույթում չտվեց անգամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, չնայած խոսեց մարտի 1-ի դեպքերից և ընդհանրական որակումներ տվեց «նախկին իշխանություններ» ձևակերպմամբ։

3. Եվ այս ամենից բացի, ընդդիմադիրի հռետորաբանությամբ ելույթ ունեցող վարչապետը խորհրդարանական ուժերին մարտահրավեր նետեց և երկրորդ հնարավորություն տվեց՝ արտահերթ ընտրությունների գնալու համար խոսակցություններ սկսելու մասով։ Տեսնենք՝ այս անգամ պատմությունն ինչով կավարտվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ