Նիկոլ Փաշինյանը վախենում է, վախենում է այնքան, որ արդեն չի կարողանում, իսկ գուցե չի ցանկանում թաքցնել սեփական վախը։ Այդ վախն արտահայտվում է ոչ միայն ոստիկանապատ փողոցով քայլելիս։
Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ևս վախի ու խեղճության համադրություն էր։ Նախկին Նիկոլ Փաշինյանից գրեթե ոչինչ չի մնացել․ չկան նախկին բղավոցներն ու հայհոյախոսությունը, նա կորցրել է նախկին էնտուզիազմն ու էներգիան։
Երբեմնի հարձակվող Նիկոլ Փաշինյանն այսօր ընդամենը պաշտպանվողի դերում է, ընդ որում, պաշտպանվում է շատ անտաղանդ՝ չգիտակցելով անգամ, որ հանուն ներքին հարաբերությունների պարզաբանման արված միջպետական ավանտյուրայի համար կարող է շատ թանկ վճարել։
Նիկոլ Փաշինյանին դա ևս չի հուզում, թերևս, այն հույսով, որ նաև միջազգային գործընկերներն իրեն կվերաբերվեն խղճահարությամբ ու հաշիվ չեն պահանջի անպատասխանատու հայտարարությունների համար։ Դժվար է ստույգ ասել՝ արդյոք Փաշինյանն այս խղճահարություն առաջացնող կերպարի մեջ մտել է գիտակցված հաշվարկի արդյունքո՞ւմ՝ հույսով, որ հասարակությունը կառաջնորդվի «ընկածին չեն խփում» սկզբունքով, թե՞ իրականում իսկապես նրա վախերն այնքան շատ են, որ այլևս չի կարողանում թաքցնել դրանք։
Անկախ ամեն ինչից, խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը ծանր ու անթույլատրելի դեպք է։ Հատկապես, երբ իրականում այդ ղեկավարն իր գործողություններով ու անգործությամբ մսխել է անգամ խղճահարություն առաջացնելու պարզ, մարդկային իրավունքը։ Առավել ևս, որ խղճահարության որևէ չափաբաժին նրան չի կարող ազատել այն պատասխանատվությունից, որը կրում է Արցախի 75 տոկոսը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի ու 10 հազարից ավելի հաշմանդամների համար։ Ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում ինքն իրեն «ամենակարող» ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վերածվեց վախեցած, ոստիկանների թիկունքում թաքնվող, կցկտուր տեքստեր արտասանող մեկի։
Ժողովրդական սերը, որը նրան դարձրել էր «ամենակարող», վերափոխվել է ժողովրդական ատելության, որը Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելացնում է՝ կառչած մնալով իշխանությունից։ Իշխանությունը նրա համար դարձել է փակ շրջան․իշխանության ամեն օրն ավելացնում է սեփական վախերը, բայց նա պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից, քանի որ միայն դրա պահպանման մեջ է տեսնում իր՝ գոնե ժամանակավոր փրկությունը։
Իսկապես խղճահարության արժանի իրադրություն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը