«Եթե իշխանությունը նույնքան համառություն դրսևորեր որոշ հարցերում, ինչպիսին դրսևորում է, ասենք, անհեթեթ նշանակումներ անելիս, սխալ քայլեր կատարելիս, մեր երկիրը բավականին շահեկան վիճակում կհայտնվեր։ Ասենք, եթե կարելի է հայտնի կենդանու համառությամբ շարունակել «Մարտի 1-ի» անպտուղ դատավարությունը՝ մեծ թվով մարդկանց ժամանակն ու ռեսուրսը վատնելով, ինչո՞ւ չի կարելի գիտակցել և, ոմանց հավանական դժգոհությունից չվախենալով, փակել այդ անհեռանկար գործը, հրաժարվելով մեղադրանքից։
Կամ՝ եթե կարելի է հրաժարվել արտահերթ ընտրությունների գաղափարից՝ վկայակոչելով հանրային պահանջի բացակայությունը, ինչո՞ւ չի կարելի չեղյալ համարել Աբովյանի դպրոցի տնօրենի նշանակման հրամանը, որը կոլեկտիվի՝ օրեր ձգվող դասադուլի պատճառ է դարձել։ Հրաժարվել և հայտարարել, որ կա հանրային պահանջ, ուստի նախկին տնօրենին վերականգնում ենք իր պաշտոնում։
Կամ՝ եթե կարելի է արհամարհել ուսանողների, դասախոսների, գիտնականների բողոքը և համառորեն փորձել անցկացնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի վտանգավոր նախագիծը, ինչո՞ւ չի կարելի լսել քննադատողների կարծիքները և անսալ խելամիտ առաջարկներին։ Եթե կարող ես արհամարհել հանրային թուքումուրն ու բոլոր քննադատությունները՝ սահմանը GPS-ով վերաձևելու մասին, ինչո՞ւ չի կարելի մի փոքր էլ համառություն դրսևորել և հրաժարվել կատարել թշնամու անօրեն պահանջները։
Վերջապես․ եթե հանրային կարծիքն այդքան անկարևոր է, ինչո՞ւ չէր կարելի 2018-19 թթ․, հանրային պահանջն արհամարհելով, հաշտության պայմանագիր կնքել՝ փրկելով հազարավոր կյանքեր և չխեղելով տասնյակ հազարներին։ Եթե մի դեպքում այդքան համարձակ եք և վստահ ձեր լեգիտիմության մեջ, ինչո՞ւ եք այլ դեպքերում հանրային կարծիքից կախված»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը