04 02 2021

Իմքայլականները սիրով «պարոն»-ով են դիմում թշնամի երկրի ղեկավարին, որն ամենօրյա ռեժիմով ստորացնում է իրենց շեֆին․ «Փաստ»

Իմքայլականները սիրով «պարոն»-ով են դիմում թշնամի երկրի ղեկավարին, որն ամենօրյա ռեժիմով ստորացնում է իրենց շեֆին․ «Փաստ»

«2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով մեր դրությունը, մեղմ ասած, նախանձելի չէ։ Հայ ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ չէր այսպիսի ծանր հարվածի։ Եվ նույնիսկ այն տեսակետները, թե իրադարձությունների ծանր ընթացքը գոնե կսահմանափակվի միայն նոյեմբերի 9-ի՝ հրադադարի եռակողմ խայտառակ հայտարարության պայմանների շրջանակում, իրականություն չդարձան։

Մասնավորաբար, Ադրբեջանի բազմաթիվ գործողություններ, մեծ հաշվով, դուրս են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներից։ Այսպես, օրինակ՝ հրադադարի մասին համաձայնագրում որևէ խոսք անգամ չկար Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքները, որոնք զբաղեցնում էին հայկական ուժերը, Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն ՀՀ իշխանությունները, հանրության համար առանց որևէ պարզաբանում ներկայացնելու, դրանք հանձնեցին հակառակորդին։

 

Արդյունքում խորանում է այն տպավորությունը, թե հրադադարի մասին համաձայնագրով սահմանված պահանջները միայն հայկական կողմի համար են, իսկ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի և կարող է իրեն իրավունք վերապահել զանց առնել դրանում արտացոլված դրույթները։ Հարկ է նկատել, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների փոխանակություն, սակայն Ադրբեջանը առ այսօր մեծ թվով ռազմագերիների է պահում և տարբեր պատճառաբանություններով կտրականապես հրաժարվում է հանձնել նրանց հայկական կողմին։ Այս համատեքստում ուշագրավ է, որ, անգամ նախքան հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը ձևակերպել էր հայկական կողմի երկու առաջնահերթությունները, որոնցից առաջինը գերիների փոխանակման հարցն էր։ Սակայն Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց հասնել հայ ռազմագերիների վերադարձի խնդրի լուծմանը։

Ու առանձնապես չէր էլ սպասվում, որ նա կկարողանա ինչ-որ բանի հասնել: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է գերիների հարցը օգտագործել որպես հաղթաթուղթ հայկական կողմի գործողություններն իր համար վերահսկելի դարձնելու և նոր զիջումներ կորզելու նպատակով։ Սա հասկանալի է, թշնամական պետություն է՝ իր թշնամական պլաններով: Բայց Ադրբեջանի այսպիսի դիրքորոշման պայմաններում լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ, օրինակ՝ հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողներին, ինչպես նաև Վանք գյուղից 16 հիվանդ ադրբեջանցիների։ Հանրությունը ցանկանում է տեղեկանալ, թե ինչով է պայմանավորված գերիների միակողմանի արտահանձնումն այն պարագայում, երբ Ադրբեջանը պահում է իր մոտ եղած մեծաթիվ գերիներին, որոնց ստույգ թիվն անգամ չգիտենք։ Այնինչ հասարակության հետ իբր թափանցիկ աշխատանքով հպարտացող իշխանությունները այս հարցում ևս հանրությանը որևէ պարզաբանում չեն ներկայացնում։

 

Նրանք ձկան պես լուռ են, մինչդեռ ամենափոքր ու ամենաչնչին հարցով փիառվելու համար մերօրյա իշխանավորները կարող են ուղիղ եթերներ կազմակերպել, ինչքան հնարավոր է՝ շատախոսել։ Մյուս կողմից էլ Ալիևը ոչ միայն չի սահմանափակվում գերիներին իր մոտ պահելով, այլև հրապարակայնորեն ստորացնում է ՀՀ իշխանություններին, հատկապես Նիկոլ Փաշինյանին։ Եվ չնայած այս իրողությանը, Փաշինյանը նախընտրում է Մոսկվայում առաջինը բարևել նրան, ապա ճաշել ու գինի խմել իրեն ստորացնող Ալիևի հետ։ Նրանից հետ չեն մնում իր թիմի ներկայացուցիչները։ Նույնիսկ այս իրավիճակում նրանք ձեռնպահ են մնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին որևէ թթու խոսք ասելուց, այնինչ պատրաստ են հողին հավասարեցնել հայաստանյան իրենց ընդդիմադիրներին։

Եվ չնայած Ադրբեջանի կողմից բազմաթիվ հանցագործությունների իրագործմանն ու Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման բազմաթիվ աղաղակող փաստերի առկայությանը՝ իշխանական պատգամավորները կա՛մ գերադասում են լռել, կա՛մ էլ անհոդաբաշխ ու անողնաշար մտքերով փորձում են հաշտեցման օրակարգ առաջ մղել։ Օրինակ՝ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը կոնֆերանսներից մեկի ժամանակ հայտարարել է. «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը»։ Եվ նրա այս հակասական արտահայտությունը շատ բնական մեծ աղմուկի ու քննադատությունների պատճառ դարձավ։

Չնայած նա փորձեց հերքել, թե այդպես չի ասել կամ կոնտեքստից կտրված է ներկայացվել, բայց փաստը մնում է փաստ, որ կա ձայնագրություն, կա կոնկրետ ասված միտք: Իսկ ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, կարկառուն լևոնտերպետրոսյանական Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն մեր հասարակության և Հայաստանի միջազգային գործընկերների առաջ Ադրբեջանի կատարած հանցագործությունների հարցը բարձրացնելուց է խուսափում, այլև կա՛մ նախընտրում է թեման շրջանցել, կա՛մ էլ մխիթարվում է այնպիսի հայտարարություններով, թե «պարոն Ալիևն իր իշխանությունը հանձնել է պարոն Էրդողանին»։

Ուշադրություն դարձրեք՝ «պարոն Ալիևը»: Սրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ են ամենաստոր որակումներ տալ մեր երկրի նախկին նախագահների հասցեին, բայց սիրով «պարոն»-ով են դիմում թշնամական պետության ղեկավարին, որն ամենօրյա ռեժիմով ստորացնում է իրենց շեֆին: Ի վերջո, քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների նման դիրքորոշումը, ինչը տարբեր կասկածների առաջացման տեղիք է տալիս։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանն ինչքան թույլ դիրքերից է հանդես գալիս, այնքան հակառակորդն ուժեղացնում է մեր երկրի նկատմամբ ճնշումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ