16 12 2020

Հեղափոխությու­նից հետո մենք գնացինք պետական ինստիտուտները քայքայելու ճանապարհով․ «Առավոտ»

Հեղափոխությու­նից հետո մենք գնացինք պետական ինստիտուտները քայքայելու ճանապարհով․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով երեք արձանագրություն է ստորագրել, որոնք համաձայնեցվել են նաեւ Ադրբեջանի հետ: Մինչ այս պահը, համենայնդեպս, լայն հասարակությանը դա հայտնի չէր, եւ ես որոշակի կասկածներ ունեմ, թե մեր դաշնակից Ռուսաստանը համաձայնեցրել է մեզ համար այդչափ զգայուն խնդրի վերաբերյալ իր այս քայլերը Հայաստանի հետ: Ավելին՝ որոշակի կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ էլ չեն պահել այդ արձանագրությունների մասին: Եթե Ռուսաստանին ձեռնտու լինի՝ Կրեմլը կգնա ցանկացած գործարքի Թուրքիայի հետ՝ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ նրա տարածքի վերաբերյալ, իսկ երբ համապատասխան ռուս-թուրքական որոշումներն ընդունվեն, մեզ կպարտադրեն դրանք կատարել:

Բայց ես ամենեւին հակված չեմ այդ հարցում մեղադրել Ռուսաստանին. պարզապես այդ երկիրն առաջնորդվում է իր շահերով եւ հաշվարկներով, որտեղ մենք որպես գործոն գոյություն չունենք: Ամպագորգոռ հայտարարություններն այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցությունների սեղանին, մաքուր բլեֆ էին: Մեկը լիներ՝ Հայաստանին այդ սեղանի մոտ հրավիրեր: Մինչեւ 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ պետական ինստիտուտները, լավ թե վատ, գործում էին: Հեղափոխությունից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետեւ նոր (ոչ կոռումպացված) իշխանությանը թվում է, որ երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով եւ «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգնե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերեւս, պետական առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները:

Գյուղապետերն են փորձում կազմակերպել մարդկանց, ուղղորդել GPS-ներում մոլորված համագյուղացիներին եւ անգամ բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց գյուղապետերի ուսերին չի կարելի  դնել անվտանգության խնդիրները. մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն, որի ներկայացուցիչները պետք է շփման մեջ մտնեն մարդկանց հետ եւ ապահովեն մարդկանց անվտանգությունն ու խաղաղ աշխատանքը: Այդպես եմ ես պատկերացնում պետության գործառույթը: Հա, մոռացա, կան ավելի կարեւոր գործեր՝ ուղերձների միջոցով բացահայտել «ներքին թշնամիներին» եւ ֆեյսբուքում ջախջախիչ հարվածներ հասցնել բոլոր ընդդիմախոսներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ