28 11 2020

«Մոբը» իշխանությունը դարձրել է մարդկանց «պատանդ» պահելու քաղաքական գործիք․ «Փաստ»

«Մոբը» իշխանությունը դարձրել է մարդկանց «պատանդ» պահելու քաղաքական գործիք․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ եւ այլ ճնշումներ:

Ի դեպ, այն պատճառաբանությունները, որոնք իշխանական որոշ պատգամավորներ բերում էին՝ ի պաշտպանություն ռազմական դրության պահպանման, փորձագետների կարծիքով, կարող են ոչ միայն տեւական լինել, այլեւ մշտական (օրինակ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի սպառնալիք եւ այլն):

Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Իշխանությունները պատերազմի ավարտից նույնիսկ 17 օր անց չեն զորացրում «մոբ» (մոբիլիզացիոն) ռեսուրսը, որից եւս, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել չարաբաստիկ գիշերվա իր «լայվի» ժամանակ, ինչպես նաեւ հետագա օրերին՝ ի թիվս այլոց պարտության «մեղավոր» նշանակելով նաեւ նրանց:

Մեր ունեցած տեղեկություններով, «մոբը» չզորացրելու համար իշխանությունները մի քանի պատճառ ունեն: Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ինչպես նաեւ կհակադարձեն իրենց վարկաբեկելու Նիկոլ Փաշինյանի փորձերին:

Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները արդեն տեւական ժամանակ չեն զորացրում առանց որեւէ պատճառաբանության:

Ըստ այդմ, կարծիքներ կան, որ «մոբը» իշխանությունները դարձրել են յուրատեսակ քաղաքական գործիք՝ մարդկանց «պատանդ» պահելու եւ քաղաքական գործընթացներից այս պահին դուրս թողնելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ