17 07 2020

Իմքայլականները սադրանք են որակել կառավարության նախագիծը․ «Ժողովուրդ»

Իմքայլականները սադրանք են որակել կառավարության նախագիծը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց դեռեւս կառավարության նախորդ նիտում հուլիսի 9-ին ընդունված եւ հրատապ համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախ` նկատենք, որ այդ նախագծով պետք է սահմանվեր, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:

 

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկում է եղել, եւ պատգամավորներն անգամ սադրանք են որակել նման նախագիծ ներկայացնելը, որը կարող է տուգանք ենթադրել բժիշկների համար:

Մեր տեղեկություններով՝ հատկապես դեմ է արտահայտվել պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ լինելով բժիշկների որդի: Սակայն, բացի Գեւորգյանից, դեմ են եղել նաեւ խմբակցության այն թեւերը, որոնք առողջապահական ոլորտից են: Եվ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանն այս հարցի վերաբերյալ նշեց. «ԱԺ նստաշրջանն արդեն իսկ ավարտվել է հունիսի 15-ին, իսկ նախագիծը ընդգրկված չի եղել արտահերթ նստաշրջանների օրակարգում: Օրենքով սահմանված կարգով կքննարկվի հաջորդ նստաշրջանում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ