04 06 2020

Երբ կօգտագործեն Համալիրի մահճակալները և ինչու են վարակակիրներին ուղարկում տուն․ 168.am

Երբ կօգտագործեն Համալիրի մահճակալները և ինչու են վարակակիրներին ուղարկում տուն․ 168.am

168.am-ը գրում է․ «Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է հարյուրներով, դրան զուգահեռ՝ ավելանում են նաև մահվան դեպքերը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ահազանգում է, որ հայաստանյան հիվանդանոցների մահճակալային ֆոնդն այս տեմպերով շարունակելու պարագայում կարճ ժամանակ անց կսպառվի, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր հայտարարեց, որ արդեն հասել ենք մի իրավիճակի, որ կան մարդիկ, որոնք հոսպիտալացման են ենթակա, սակայն չենք կարողանում նրանց հոսպիտալացնել։

168.am-ն Առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք կորոնավիրուսով վարակակիրներին մեկուսացնելու համար օգտագործվում է Մարզահամերգային համալիրում կահավորված մահճակալային ֆոնդը, և ինչո՞վ է պայմանավորված այն, որ կորոնավիրուսով վարակակիր քաղաքացիներին ուղարկում են տուն՝ մեկուսանալու։

Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց.

«Այո՛, վարակակիր քաղաքացիներին ուղարկում են տուն՝ մեկուսացման, բայց նրանք այն քաղաքացիներն են, որոնք ախտանիշներ  չունեն, իսկ նման դեպքերը վարելու պարտավորությունը դրվել է տեղամասային պոլիկլինիկաների վրա։ Ինչ վերաբերում է Համալիրի մահճակալային ֆոնդի օգտագործմանը, ապա պետք է նշեմ, որ այդ կահավորված մահճակալները նախատեսված են այն վարակակիրների համար, որոնք ունեն ախտանշաններ՝ ջերմություն և այլն։ Եթե հիվանդանոցային  մահճակալային ֆոնդը սպառվի, ապա վարակակիրներին կմեկուսացնենք համալիրում»։

Խոսնակից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք հյուրանոցներում ունե՞նք մեկուսացված քաղաքացիներ։

Ի պատասխան՝ Նիկողոսյանը նշեց.

«Այս պահին  մեկուսացված քաղաքացիներ կան երևանյան հյուրանոցներից ընդամենը մեկում. մյուս բոլոր հյուրանոցներն ազատ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ