20 05 2020

Համավարակը ջրի երես հանեց տնտեսության հիվանդությունները.168.am

Համավարակը ջրի երես հանեց տնտեսության հիվանդությունները.168.am

168.am-ը գրում է․ «Համավարակը պատուհաս է դարձել կառավարության գլխին։ Քիչ են առողջապահական խնդիրները, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վարակի տարածումը, ակտիվացել են նաև տնտեսության մեջ եղած հիվանդությունները։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է նույնքան խոցելի լինել, ինչքան նախկինում։ Տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները դատարկ խոսակցություններ էին։ Ընդամենն առիթ էր պետք, որպեսզի ամեն ինչ դուրս գա ջրի երես։

Խոսվում էր տնտեսության մեջ տեղի ունեցող դիվերսիֆիկացիայի, մշակող արդյունաբերության դերի բարձրացման, հանքարդյունաբերության դերի նվազեցման, տեխնոլոգիական երկիր կառուցելու մասին։ Բայց արի ու տես, որ այս ընթացքում ոչինչ էլ չի փոխվել։

Իբր թե պատերազմ էինք հայտարարել ընդերքի շահագործմանը։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ մեր երկրի զարգացումներն այլևս նստած չեն լինելու ընդերքը քանդել-ծախելու վրա։ Բայց համավարակը ցույց տվեց, որ հույսը կրկին ընդերքն է։ Ի տարբերություն արդյունաբերության այլ հատվածների, նույնիսկ համավարակի ու արտակարգ դրության պայմաններում ընդերքի շահագործումը չի դադարել։ Մարտին, երբ արդյունաբերության մյուս հիմնական ճյուղերում անխտիր անկում է գրանցվել, հանքարդյունաբերության մեջ երկնիշ աճ է եղել։ Ընդերքի շահագործման ծավալներն ավելացել են 12 տոկոսով։

Ոլորտն առաջինն է նաև ամբողջ եռամսյակի կտրվածքով. աճը հասնում է 27 տոկոսի։ Այն ավելի քան 7 անգամ գերազանցում է՝ մշակող արդյունաբերության, և 3 անգամ՝ ամբողջ արդյունաբերության աճի տեմպը։

Համավարակի պայմաններում էլ ընդերքի շահագործումը թափ է հավաքել։ Նույնիսկ մետաղների միջազգային շուկաներում տարեսկզբից տեղի ունեցող գների բավական կտրուկ նվազումը խոչընդոտ չի եղել դրա համար։

Ընդերքը անխնա քանդել ու արտահանել են։ Նաև այն ժամանակ, երբ համավարակը դեռ չէր մտել Հայաստան։ Հունվար-փետրվարին ընդերքի արդյունահանման ծավալների աճն ավելի բարձր է եղել՝ ընդհուպ 37 տոկոս։

Եվ դա արվել է այն իշխանության թողտվությամբ, որը եկել էր նախկինում եղած նման արատավոր երևույթների դեմն առնելու, նոր տնտեսական հարաբերություններ հաստատելու համար։ Զարմանալի չէ, որ արդյունաբերության մեջ տեղի է ունեցել հանքարդյունաբերության մասնաբաժնի ավելացում։ Փոխարենը՝ նվազել է մշակող արդյունաբերության կշիռը։

Հասկանալի է, որ դա ինչ-որ չափով հայտարարված արտակարգ դրության հետևանք է։ Տարօրինակը, սակայն, այն է, որ արտակարգ դրության պայմաններում, երբ կանգնել էր ամբողջ տնտեսությունը, մշակող արդյունաբերության առանձին ճյուղերում ռեկորդային բարձր աճեր են գրանցվել։ Տնտեսությունը փակ էր, բայց պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը մարտին, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել է 88 տոկոսով, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 43 տոկոսով, կահույքինը՝ 10 տոկոսով։

Թե ինչպե՞ս է դա հնարավոր եղել արտակարգ դրության պայմաններում, մնում է միայն գուշակել. կամ արտակարգ դրությունն արտակարգ դրություն չի եղել, կամ վիճակագրությունը՝ վիճակագրություն։ Երկու դեպքում էլ գործ ունենք տխուր իրականության հետ։

Անկախ դրանից՝ ակնհայտ է, որ տնտեսության վիճակը վիճակ չէ։ Ու դա երևում է նաև պետական բյուջեի եկամուտներից։

Որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, թե անգամ համավարակի պայմաններում բյուջեի եկամուտները բարձր տեմպերով ավելանում են, իրականությունն այլ է։ Տնտեսության մեջ ձևավորվող հարկերը ոչ թե ավելացել, այլ նվազել են։ Գրեթե բոլոր հարկատեսակների գծով բյուջեում գոյացող հարկերի կտրուկ կրճատում է տեղի ունեցել։ Ընդ որում, դա սկսվել է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումից առաջ։

Պետական բյուջեի հարկային մուտքերի կրճատում արձանագրվեց արդեն փետրվարից։ Այդ ամսին փաստացի եկամուտներն ավելի քիչ էին, քան նախորդ տարի։

Բայց որպեսզի պատկերն ավելի ընդգրկուն լինի, անդրադառնանք եռամսյակային տվյալներին։

Պաշտոնապես հայտարարվել է, վարչապետն էլ կառավարության նիստում հատուկ արձանագրեց, որ 2020թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 16,5 տոկոսով, ինչը համարժեք է 49,4 մլրդ դրամի։ Այնինչ, երբ ցուցանիշները դիտարկում ենք՝ ըստ հարկատեսակների, ստացվում է այնպես, որ այս տարի գրեթե բոլոր հարկատեսակներից մուտքերը նվազել են։

Այսպես՝ անցած տարվա առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջեի մուտքերը կազմել են 142,2 մլրդ դրամ, այս տարի՝ 119,3 միլիարդ։ Այսինքն՝ միայն այդ հարկատեսակի գծով պակաս է ստացվել 22,9 մլրդ դրամ։ Սրանք պաշտոնական ցուցանիշներ են, որոնք վերցված են պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի և Ֆինանսների նախարարության հրապարակումներից։

Գանք մյուս հարկատեսակներին. ակցիզային հարկի գծով անցած տարվա առաջին երեք ամիսների մուտքերը եղել են 34,5 միլիարդ, այս տարի՝ 27,2 մլրդ դրամ։ Ռեկորդային նվազում է արձանագրվել շահութահարկի գծով. մուտքերը գրեթե կիսով չափ պակասել են։ Եթե 2019թ. առաջին եռամսյակում շահութահարկից բյուջեի եկամուտները կազմել էին 72 միլիարդ, ապա այս տարի՝ հազիվ 37,8 մլրդ դրամ։ Եռամսյակային կտրվածքով 17 միլիարդով պակաս եկամտային հարկ է ստացվել։ Շրջանառության հարկի մուտքերը կրճատվել են ավելի քան 1 մլրդ դրամով։

Եվ այսպես, գրեթե բոլոր հարկատեսակների դեպքում անցած տարվա մուտքերը գերազանցել են այս տարվանը։ Ընդհանուր առմամբ՝ խոսքն ավելի քան 86 մլրդ դրամ տարբերության մասին է։ Ու չնայած դրան՝ արձանագրվել է, որ այս տարվա բյուջեի հարկային եկամուտները 16,5 տոկոսով կամ 49,4 մլրդ դրամով ավելացել են։

Ինչո՞ւ է այդպես։ Այդպես է, որովհետև դուրս են մնացել հարկերի անցումային գերավճարները։ Անցած տարի կառավարությունը հպարտանում էր, որ ապահովել է ոչ միայն բյուջեի եկամուտների աճ, այլև առաջին եռամսյակում կարողացել է հարկերի անցումային գերավճարների գծով մարել 136 մլրդ դրամի հարկային պարտավորություններ։ Այլ կերպ, եթե այդ պարտավորությունների մարում տեղի չունենար, ապա բյուջեի փաստացի մուտքերը 136 մլրդ դրամով ավելին պիտի լինեին։

Այդպես կլինե՞ր, թե՞ ոչ, իհարկե, այլ հարց է, որովհետև այստեղ ինչ-որ մութ պատմություններ են թաքնված։

Ամեն դեպքում, այս տարի անցումային գերավճարներ գրեթե չեն մարվել։ Իսկ դա նշանակում է, որ այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական գործունեության արդյունքներով բյուջեի նկատմամբ հարկատուների հայտարարագրած հարկային պարտավորություններն իրականում ոչ միայն չեն ավելացել, այլև էապես նվազել են։ Խոսքն առնվազն 86 մլրդ դրամի մասին է, որն այս տարվա առաջին եռամսյակում բյուջեն պակաս է ստացել՝ հարկային եկամուտների տեսքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ