12 05 2020

Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ․ «Հրապարակ»

Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ, որտեղ ապագա կառավարության հարցն է որոշվում։

Այժմ Արայիկ Հարությունյանը բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ։ Գրիգորյանը մայիսի 11-12-ին աշխատանքային այցով կլինի Արցախում, հետո՝ մինչեւ մայիսի 19-ը, արձակուրդում, որը, ըստ ամենայնի, կանցկացնի հայրենի Արցախում եւ «օնլայն» ռեժիմով ՀՀ ղեկավարին կզեկուցի անցուդարձի մասին։

Հիշեցնենք, որ թեժ պայքար է գնում Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է հավակնում, բայց գլխավոր թեկնածուն ընտրություններին Հարությունյանի հիմնական մրցակից, ՀՀ իշխանությունների թեկնածու Մասիս Մայիլյանն է։

Նա այլեւս Հարությունյանի քաղաքական հակառակորդը չէ, մի քանի ջերմ հանդիպում է կայացել, ու ՀՀ աջակցության շնորհիվ կարծես թե նա էլ կդառնա նախարար։ Իսկ ՀՅԴ-ն ու Ղուլյանի կուսակցությունն իշխանական դաշտից կտեղափոխվեն ընդդիմություն, որտեղ իր կայուն տեղն ունի Վիտալի Բալասանյանը՝ իր 1 մանդատով։ Արայիկ Հարությունյանի հիմնական գործընկերը կդառնա Սամվել Բաբայանը, քանի որ նորընտիր նախագահը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։

Նախագահը կերդվի մայիսի 21-ին, հունիսին կձեւավորվի կառավարությունը, որտեղ, հավանաբար, չեն լինի Փաշինյանին քննադատած ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը»:

Ամբողջական նյութը կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ