«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 15 օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն՝ արդեն 5,5 ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները, սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տեւել:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»:
Նույնը վերաբերում է նաեւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար մնացել է 15 օր: Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում, կամ այս ժամանակահատվածը որոշել է օգտագործել ուժայինների ղեկավարներին ստուգելու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը