09 12 2019

Ուժ կա, խելք պետք չէ. Panorama.am

Ուժ կա, խելք պետք չէ. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Երևի թե արդեն պետք է դադարենք զարմանալ մեր երկրում կատարվող իրադարձություններից, և որպես իրողություն ընդունենք այն երևույթը, որ բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալներին հեղինակազրկելու գործընթաց է որդեգրված։

Դատական համակարգում հերթական «զոհը» դարձավ Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ում վարկանիշը ըստ փաստաբանների, բավականին բարձր է։Նա պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարցը։

Դեկտեմբերի 6-ին դատախազները նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին, դեկտեմբերի 9-ին նշանակված նիստում դատավոր Պապոյանը ընդամենը մեկ րոպե մնալով դատարանի դահլիճում՝ հայտնեց ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու մասին։Եղավ այն, ինչի մասին ահազանգում էին Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպանները նախորդ նիստում՝ զրպարտանք-շանտաժները դամոկլյան սրի պես կախած պահելով քիչ թե շատ անկախություն ունեցող դատավորների վրա՝ հեռացնել նրանց կարևոր դատավարություններից։

Ցավալի է շատ։ Վարկաբեկվում են մարդիկ, վարկաբեկվում է մի ողջ համակարգ, վարկաբեկվում է օրենք-օրինականությունն ընդհանրապես։ Եվ այս ամենը Ռոբերտ Քոչարյանին մեկ օր անգամ ավել անազատության մեջ պահելո՞ւ համար։

Լավ, ենթադրենք ինչ-որ մարդիկ հագուրդ տվեցին իրենց հիվանդագին մոլուցքներին, հիացան սեփական ամենակարողությամբ, ուժ ցույց տվեցին ընդդիմախոսներին․․․ հետո՞։ Միթե դա փրկօղակ է դառնալու երկրում օր օրի կուտակվող պրոբլեմների լուծման համար։

Վաղը մյուս օրը Մարտի 1-ի գործից ձանձրացած ամբոխն այլ տեսարաններ է ուզելու, ի վերջո հաց ու էժան գազ է ուզելու, և մերձավորներից բացի ոչ ոքի արդեն չի հետաքրքելու, թե Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է թե մեկուսարանում։

Ուժ ցուցադրելը ռինգում է պետք, իսկ պետություն կառավարելու համար խելք էլ է պետք։ Դրա առկայության դեպքում կարելի էր գոնե եվրադատարաններից մի քանի օր առաջ կանգնեցնել այս դատական տրագիկոմեդիան, և տարիուկես ձգվող թնջուկին լուծում տալ սեփական երկրում, այլ ոչ թե հետո ստիպված կատարել օտարների որոշումները։

Որովհետև, արդեն պարզից էլ պարզ է, որ մեր երկրում դատական համակարգն ի զորու չէ օրենքի ուժով լուծել մի մարդու ապօրինի կալանքի հարցը։Սպասենք ՄԻԵԴ-ի որոշմանը։ Իշխանության երրորդ ճյուղը՝ դատական համակարգը, այսօր կարող ենք երկու երրորդով ենթարկեցված համարել միանձնյա իշխանության ձգտող Փաշինյանի կամքին։ Բայց երկու երրորդը դեռ ամբողջը չէ։ Անզեն աչքով էլ երևում է, որ թմբիրից արթնացողների քանակի ավելացմանը զուգընթաց նվաում են Նիկոլի ցարական նկրտումները, և ցանկացած պահի իրավիճակը գլխովին կարող է շրջվել․․․ Եվ այսօրվա դատողներին վաղը կդատեն այսօրվա դատվողները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ