«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։
Եվ գյուղոլորտում զբաղվածները ընդհանուր բնակչության մեջ բավականին մեծ թիվ են կազմում, ինչը վկայում է, որ գյուղատնտեսությունը Հայաստանում նաև սոցիալական մեծ նշանակություն ունի։
Պետք է հաշվի առնել, որ գյուղատնտեսական գործունեությունը բարձր ռիսկայնություն ունի, ինչը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններից դրա անմիջական կախվածությամբ։
Այդ իսկ պատճառով էլ գյուղատնտեսությունը պետության հոգածության կարիքն ունի, որը պետք է իրականացվի կառավարության կողմից վարվող համապատասխան քաղաքականության, գյուղոլորտի սուբսիդավորման, արտոնյալ վարկերի տրամադրման և այլ ձևերով:
Իշխանափոխությունից հետո թվում էր, թե նոր իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն գյուղատնտեսության զարգացմանը, սակայն, կարծես թե, իրավիճակն այս ոլորտում այնքան էլ բարվոք չէ:
Այս տարի գյուղատնտեսությունում անկում է արձանագրվել՝ այն էլ 4,8 տոկոսի չափով: Եվ պատահական չէ, որ գյուղատնտեսներն ահազանգում են, որ այս տարի մեծացել են գյուղմթերքի ներմուծման ծավալները:
Խոսքը հատկապես վերաբերում է լոլիկի ու կարտոֆիլի ներմուծմանը:
Ընդ որում, ներկրված գյուղմթերքը հիմնականում անորակ է և առավելապես բերվում է Թուրքիայից: ԶԼՄ-ները գրում են, որ անգամ 150 տոննա կարտոֆիլ է ներկրվել Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն:
Գյուղատնտեսները մտահոգ են, որ ներկրումների հետևանքով ցանքատարածքները կրճատվում են:
Նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկրման հետևանքով կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են 10000 հեկտարով:
Եթե նախկինում մեծ քանակությամբ կարտոֆիլ էր արտահանվում Հայաստանից, ապա այսօր պատկերը միանգամայն այլ է:
Ըստ տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի ներկայացրած տվյալների, 2019 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4231,7 տոննա կարտոֆիլ 2018 թ. նույն ժամանակահատվածի 1941,3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018 թ. ցուցանիշը 2,2 անգամ:
Գյուղատնտեսները Հայաստանից կարտոֆիլի արտահանման ծավալների նվազումը պայմանավորում են Թուրքիայի կողմից տարվող հատուկ քաղաքականությամբ:
Նախորդ տարի Հայաստանից կարտոֆիլը հիմնականում արտահանվում էր Վրաստան, սակայն այս տարի Վրաստանը կարտոֆիլի արտահանման հետ կապված սահմանափակումներ է մտցրել՝ սահմանելով քվոտաներ, և կասկածներ կան, որ հենց Թուրքիան է միջամտել գործին, քանի որ Վրաստանն այս տարի հենց Թուրքիայից է էժան ու անորակ կարտոֆիլ ներկրել:
Ուստի կարտոֆիլագործության ոլորտում կառավարությունը բազմաթիվ անելիքներ ունի և պետք է օգնություն տրամադրի գյուղատնտեսներին, որպեսզի վերջիններս իրենց արտադրանքն արտահանելիս կարողանան դիմագրավել շուկայի մրցակցությանը, ինչպես նաև դրսից բերված անորակ կարտոֆիլը որպես սերմնացու չօգտագործեն:
Լոլիկի ներկրման հետ կապված նույնպես մտահոգություններ կան, թե թուրքական լոլիկը պարունակում է թունաքիմիկատների բարձր ռիսկային քանակ:
Բացի այդ, թուրքական լոլիկն աճեցվում է պոլիէթիլենային տոպրակների տակ, էներգակիրների խնդիր չկա, և դրա համար այն ավելի էժան է:
Եվ պատահական չէ, որ եղել են դեպքեր, երբ փորձեր են կատարվել Հայաստանից հայկական արտադրության անվան տակ թուրքական լոլիկ արտահանել Ռուսաստան:
Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի խրախուսի լոլիկագործությունը, և Հայաստանում արտադրված լոլիկի խմբաքանակը ոչ միայն բավարարի հայկական շուկայի պահանջները և դուրս մղի թուրքական լոլիկի ներմուծումը, այլև հիմքեր դրվեն մեծաքանակ արտահանման համար:
Այս համատեքստում մի քիչ զարմանալի է, որ գրեթե բոլոր երկրորդական խնդիրների վրա վարչապետը ծանրանում է, սակայն գյուղատնտեսության մտահոգիչ հարցերին այդպես էլ չի անդրադառնում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը