28 10 2019

Տնտեսության աճի արդյունքները զգում են միայն նախարարները․ 168.am

Տնտեսության աճի արդյունքները զգում են միայն նախարարները․ 168.am

168.am-ը գրում է․ «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմնական զանգվածներին հասանելի չեն։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն։

Կարևորը` կառավարության անդամները` ի դեմս նախարարների, և գործադիրի քաղաքական էլիտան՝ ի դեմս փոխնախարարների ու մարզպետների, արդեն զգում են այդ աճերի ուղղակի ազդեցությունն իրենց եկամուտների վրա։ Ըստ այդմ էլ՝ նրանք հավանաբար դատում են տնտեսության զարգացումների ու հասարակության սոցիալական վիճակում տեղի ունեցող փոփոխությունների մասին։

Օպերատիվ տվյալներով՝ տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս։ Ճիշտ այնքան, որքան առաջին եռամսյակում էր։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արձանագրվեց 7,1 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Առաջին կիսամյակի արդյունքներով՝ այն նվազեց` իջնելով 6,5 տոկոսի։ Բայց հիմա վերստին բարձրացել է։

Տարեսկզբի 9 ամիսներին անկում է արձանագրվել միայն երկու ոլորտներում` խոսքը գյուղատնտեսության ու էներգետիկայի մասին է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները ներկայացվում են եռամսյակը մեկ, այս անգամ դրանք ևս հրապարակվել են։

Ըստ այդմ, տնտեսության այս առանցքային ճյուղում անկումը շարունակել է պահպանվել։ 9 ամսվա տվյալներով՝ այն կազմել է 4,8 տոկոս։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 2,2 տոկոսով։ Միևնույն ժամանակ՝ շարունակվել է արդյունաբերության ակտիվ վերելքը։ Սեպտեմբերին այն գրանցել է 11 տոկոս աճ, ինչի արդյունքում ոլորտի ցուցանիշն ընդհուպ մոտեցել է 10 տոկոսի` առայժմ կազմելով 9,7 տոկոս։ Բայց այս տեմպով գնալու դեպքում կասկած չկա, որ շուտով երկնիշ կդառնա։ Արդյունաբերության մեջ աճը խորացավ այն բանից հետո, երբ վերսկսեց ակտիվանալ հանքարդյունաբերությունը։

Դա արտահայտվեց՝ ինչպես գործող ընկերությունների արտադրության ծավալների ավելացմամբ, այնպես էլ՝ Թեղուտի վերագործարկմամբ։ Ինչպես հայտնի է, դեռևս իշխանափոխությունից առաջ Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվեց։ Այն վերսկսեց աշխատել այս տարվա երկրորդ եռամսյակում, ինչն էլ շատ արագ իր ազդեցությունը թողեց՝ ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ՝ արդյունաբերության ընդհանուր ցուցանիշների վրա։

Եթե տարեսկզբին հանքարդյունաբերությունն անկումային էր, ապա տարվա կեսին սկսեց աճի միտումներ դրսևորել։ Արդեն տարեսկզբի 8 ամիսների տվյալներով՝ աճը հասավ գրեթե 15 տոկոսի։

Թեև դեռևս չի հրապարակվել տնտեսական աճի 9 ամիսների, այսպես ասած, բացվածքը, այնուհանդերձ ենթադրվում է, որ հանքարդյունաբերության առաջընթացը պահպանվել է, ինչն էլ, ըստ ամենայնի, ուղղակիորեն ազդել է՝ ինչպես ոլորտի, այնպես էլ՝ արտահանման ցուցանիշների վրա։

Սեպտեմբերին արտահանումը բարձր աճ է գրանցել։ Այն իսկապես ռեկորդային է գործող կառավարության համար։ Իշխանափոխությունից հետո արտահանումը նման աճ չէր գրանցել։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այն կազմել է 33 տոկոս։

Առաջին հայացքից՝ իսկապես տպավորիչ ցուցանիշ է։ Բայց երբ մի փոքր հետ ենք գնում` այդ տպավորությունն անմիջապես խամրում է. սեպտեմբերին արձանագրված բարձր աճը, առաջին հերթին՝ նախորդ տարվա նույն ամսվա ցածր բազայի արդյունք է։ Անցած տարվա այդ ամսին արտահանումը չափազանց տխուր վիճակում էր։ Ոչ միայն աճ չկար, այլև արձանագրվել էր անկում. 2018թ. սեպտեմբերին արտահանումը նվազել էր շուրջ 15 տոկոսով։ Այնպես որ, ամենևին էլ զարմանալի չէ, որ այս տարի նման բարձր աճ է գրանցվել։

Պատահական չէ, որ նախորդ ամսվա համեմատ՝ արտահանման ծավալը գրեթե փոփոխության չի ենթարկվել, եթե, իհարկե, 0,2 տոկոս աճը լուրջ ձեռքբերում չհամարենք։Սեպտեմբերի այս «բարելավումից» հետո արտահանման տարեկան ցուցանիշը ևս թռիչք է արձանագրել։ 9 ամսվա արդյունքներով այն հասել է 7,9 տոկոսի, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ հազիվ 4,6 տոկոս էր։

Ներմուծումը ևս աճել է։ Միայն թե ոչ այն պատճառով, որ անցած տարվա սեպտեմբերին ներկրումները դրսից կրճատվել էին։ Անցած տարվա սեպտեմբերին ունեինք 2,7 տոկոս ներմուծման աճ։ Այս տարի աճը կազմել է գրեթե 29 տոկոս, ինչի շնորհիվ ներմուծումը տարվա կտրվածքով այլևս զրոյական չէ կամ դրան մոտ։ Ներմուծումն 9 ամսում ավելացել է 4,7 տոկոսով։

Տնտեսական ակտիվությանը շարունակում են մեծապես նպաստել առևտուրն ու ծառայությունները։ Թեև առևտրի ոլորտում աճի տեմպը վերջին շրջանում աստիճանաբար նստում է։ Սեպտեմբերին այն կազմել է՝ 7,5, իսկ տարվա արդյունքներով` 8,8 տոկոս։

Հայտնի պատճառներով առայժմ նույն տեմպով պահպանվում է ծառայությունների աճը։ Այն բարձր է 15 տոկոսից։ Փոխարենը` ակտիվությունը ոչ մի կերպ չի վերականգնվում շինարարության ոլորտում։ Ճիշտ է, այստեղ աճ կա, բայց այն լռվել-մնացել է 4,4 տոկոսի վրա։ Անգամ սեպտեմբերին գրանցված 4,2 տոկոս աճը տարեկան ցուցանիշներում բան չի փոխել։ Շինարարությունը չի կարողանում վերադառնալ տարեսկզբի բարձր աճին։ Ու դրա հիմնական մեղավորը կառավարությունն է, որը չի հասցնում ժամանակին իրականացնել պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը։Պարզվում է՝ «աննախադեպ» ճանապարհաշինությունը ևս փրկություն չէ։ Շինարարությունը ոչ մի կերպ չի արդարացնում տարեսկզբին վարչապետի փայփայած հույսերը։

Չնայած դեռ ուշ չէ, և վիճակագրությունն աշխատելու ժամանակ ունի։ Ընդ որում, ինչպես շինարարության, այնպես էլ՝ գյուղատնտեսության ոլորտում։Հատկապես որ, կառավարությունն իր կանխատեսումներում արդեն ամրագրել է, որ գյուղատնտեսությունն այս տարի առնվազն անկում չպիտի արձանագրի։ Ու հավանաբար շուտով կտեսնենք նաև դրա վիճակագրական հիմնավորումները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ