«168 Ժամ»-ը գրում է․ «Սպասումները, որ իշխանափոխությունից հետո արտաքին կապիտալը գալու և ողողելու է Հայաստանի տնտեսությունը, առայժմ չի արդարանում: Ճիշտ է, ներդրումները ժամանակ են պահանջում, բայց ժամանակն անցնում է, իսկ ներդրումները հեռու են ակնկալիքներից: Անգամ իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց ներդրումային ակտիվությունը Հայաստանում ցածր է կամ առնվազն այնպիսին չէ, ինչպիսին խոստանում էր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու ժամանակ: Այդպես էլ չհայտնվեցին այն ներդրողները, ովքեր սպասում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն՝ օր առաջ ներդրումներ անելու համար:
Մինչ Հայաստանի տնտեսական զարգացումներն անհնարին է պատկերացնել առանց ներդրումների, առավել ևս, առանց ուղղակի ներդրումների՝ դրանց ծավալները շարունակում են փոքր լինել: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը չափազանց դանդաղ են ավելանում:
Հրապարակվել է այս տարվա առաջին կեսին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը: Հիմնվելով այդ հրապարակման վրա, կառավարության ֆեյսբուքյան էջում այսպիսի մի չափազանց լավատեսական գրություն է հայտնվել. «2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26 տոկոսով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 20 տոկոսով»: Տպավորություն է, թե բումը սկսված է:Ցավոք, կառավարությունը մոռացել է հիշեցնել, թե անցած տարվա առաջին կեսին ինչպիսի բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում: Հազիվ թե այդ պայմաններում որևէ մեկը կմտածեր Հայաստանում ներդրումներ անելու մասին: Ու դա ակնհայտ դարձավ հատկապես երկրորդ եռամսյակում, երբ օտարերկրյա ուղղակի ներդրումները մի քանի անգամ կրճատվեցին:
Թե ինչքանո՞վ է տեղին հիմա համեմատել այս և անցած տարվա ցուցանիշները, թող որոշի կառավարությունը:
Բայց դա էլ կարևոր չէ: Պարզապես շատ զարմանալի կլիներ, որ բերված ցուցանիշների հետ մեկտեղ կառավարությունն ասեր նաև, թե այդ ընթացքում ինչպես են փոխվել ուղղակի ներդրումների զուտ հոսքերը:Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների և մարումների տարբերությունն է, ինչը կարևոր ցուցանիշ է: Բայց այդ մասին կառավարությունը գերադասել է լռել, որովհետև պատկերն իսկապես շատ տխուր է: Տարեսկզբի առաջին վեց ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ: Այն համարժեք է հազիվ 16 մլն դոլարի: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն ավելի շատ են աճել: Զուտ հոսքերն այս դեպքում կազմել են շուրջ 203 մլն դոլար: Բայց այդ թիվը չէ, որ տալիս է ներդրումների իրական բնութագիրը: Դրանում ներառված են ոչ միայն ուղղակի ներդրումները, այլև վարկերը, փոխառությունները և նմանատիպ այլ ֆինանսական հոսքերը:Այնպես որ, ներդրումների մասին խոսելիս շատ ավելի կարևոր է ուղղակի ներդրումների ցուցանիշը: Իսկ այստեղ հպարտանալու առիթ կառավարությունը չունի:
Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ: Այսինքն՝ այս տարվա բացասական տարբերությունը գերազանցում է 30 միլիարդը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը