20 08 2019

Իշխանությունը միայն սելֆիները և ֆորումներ կոչվող շոուները չեն․ «Հրապարակ»

Իշխանությունը միայն սելֆիները և ֆորումներ կոչվող շոուները չեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Այո, իշխանություն ունենալը գայթակղիչ բան է, բայց դա միայն վայելք չէ, դա նաեւ պատասխանատվություն է, որոշումներ կայացնելու, խնդիրներ լուծելու կամք եւ արիություն։ Իշխանություն ունենալը միայն սելֆիները չեն, ոչ էլ տնտեսական ֆորումներ կոչվող շոուները, որի ժամանակ տվյալ մարզի տնտեսվարողները «դախլաներ» են դնում ու ցուցադրում իրենց ստեղծածը՝ հրավիրելով, որ վարչապետն ու իր թիմը համտեսեն ու հիանան իրենց արտադրանքով։

Իշխանությունը նաեւ բնապահպանական խնդիրներն են՝ մի կողմից ակտիվիստների բողոքի ակցիաները, մյուս կողմից՝ տնտեսական շահն ու արբիտրաժի վտանգը՝ միլիոնավոր դոլարների տույժ-տուգանքների տեսքով։ Կարելի է իշխանություն ստանալով բոլոր փակ դռներն ու դարպասները բանալ, բայց գալու է մի օր, երբ բաց դարպասներից ներս են թափանցելու նաեւ նրանք, ում դու չես ուզում քեզ մոտ թողնել։

Կարելի է հայտարարել, որ դու ժողովրդի իշխանությունն ես, եւ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, բայց մի օր դու այդ վարչապետներին գահընկեց ես անելու եւ ժողովրդի գոնե մի մասի կամքին հակառակ որոշում ես կայացնելու։ Կարելի է վստահ լինել, որ քո շնորհիվ պատգամավոր ու նախարար դարձած անձինք, որոնք իրենց լավագույն երազում անգամ չէին կարող տեսնել այդ կարգավիճակը, եւ ենթադրվում էր, որ երբեւէ չեն հակադրվելու քեզ, մի օր պոպուլիզմի գծով գերազանցելու են քեզ, եւ գուցե գալու է նաեւ այն օրը, երբ անկախանալու են եւ քո դեմ են դուրս գալու։

Եվ վերջապես․ երբ դու ճանապարհներ փակելով, փողոցային ակցիաներ գեներացնելով, իշխանությունից դժգոհ մարդկանց բողոքն օգտագործելով, պայքարի ես հանում, պետք է պատրաստ լինես, որ մի օր էլ այդ զենքը քո դեմ է աշխատելու։ Չէ՞ որ փողոց փակելն ու երկիրը պարալիզացնելն ամենահեշտ գործն են, երկիրը կառավարելն է բարդ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ