«Իրավունք»-ը գրում է․ «Ամառային այս տապին երևանյան թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ աղբահանության հարցը: Մարդիկ արդեն հույսները կտրել են քաղաքապետարանից և այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնությամբ հանդես եկել, որի հիմնադիրներից Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ հերթական բողոքի ակցիան իրականացրեց Երևանի քաղաքապետարանի մոտ` քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով զբաղվել աղբահանության խնդիրներով։ Ստեղծված իրավիճակի, մայրաքաղաքի առաջ ծառացած այլ խնդիրների մասին «Իրավունք»-ը զրուցել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ:
-Իսկապես, Երևանում այսօր աղբահանության խնդիրը թիվ մեկ հրատապ լուծում պահանջող հարցերից մեկն է, որը պետք է քաղաքային իշխանությունները ձեռնամուխ լինեն: Կարծես թե քաղաքապետարանը որոշակի քայլեր է անում, որ այդ խնդիրը լուծի, սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ թեպետ նոր քաղաքային իշխանությունը 10 ամիս է՝ գործում է, բայց այս ամիսների ընթացքում միայն տեսել ենք Երևանի քաղաքապետարան և «Սանիթեք» փոխադարձ մեղադրանքներ: Այս 10 ամիսները համարում եմ կորցրած, այդ ընթացքում կարելի էր շատ ավելի մեծ արդյունքների հասնել և այսօր չունենալ այն իրավիճակը աղբի հետ կապված, որն ունենք Երևանում: Ամառվա այս ամիսներին, երբ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Երևան, արդեն ֆլեշ-մոբ են անում և բացի Երևանի գեղատեսիլ և պատմական վայրերից, նաև նկարվում են աղբի հետ և, իհարկե, մեղադրում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքն այսպիսի վիճակի հասցնելու համար:
- Պարոն Մանրիկյան, գործող քաղաքապետի նախընտրական խոստումներից մեկը հենց այն էր, թե «մաքրելու ենք քաղաքը»: Ինչո՞վ էին զբաղված այս 10 ամիսների ընթացքում:
-Այո, Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկն էլ այն էր, որ պետք է մաքրեն քաղաքը աղբից, սակայն, կարծես թե, քաղաքային գործադիրը ուշ է զարթոնք ապրել այս հարցում և նոր-նոր է ձևավորում այդ քայլերը՝ գնելով տեխնիկա: Ինչպես գիտեք, Երևանի ավագանին ամիսներ առաջ որոշում կայացրեց, որով ստեղծվեց քաղաքային երկրորդ սանմաքրման օպերատորը: Ներկա պահին այդ օպերատորն ունի 13 ավտոմեքենա, «Սանիթեքն» էլ ունի 13-15 ավտոմեքենա, որոնք ամեն օր դուրս են գալիս աղբահանություն կատարելու: Իհարկե, այսքանը բավարար չէ, և քաղաքապետարանը շարունակում է գնումներ կատարել, մասնավորապես՝ ճանապարհին են 2-3 «Կամազ» մակնիշի ավտոմեքենա: Այսպես շարունակաբար համալրվելու են: Նաև նախագիծ է առաջարկվել, որ պահեստային ֆոնդից մեկ միլիարդ 726 մլն դրամ հատկացնել քաղաքային երկրորդ օպերատորին, որից մեկ միլիարդ 571 մլն-ը հատկացվելու է, որ գնվի նոր տեխնիկա, մասնավորապես՝ աղբահավաք մեքենաներ, փոշեկուլներ, փոքրիկ տրակտորներ, որոնք ձնամաքրման, ձնահեռացման աշխատանքներ կկատարեն, և 155 մլն հատկացվել է հազար նոր մետաղական աղբաման գնելու համար: Այս ամենը շատ լավ է, բայց այն պետք է լիներ շատ ավելի վաղ՝ դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը