«Փաստ» թերթը գրում է.
Հետևելով հայաստանյան տեղեկատվական հոսքերին՝ դժվար չէ նկատել, որ սկսել են գերակայել երկրորդական նշանակության հարցեր, որոնց տրվում է մեծ կարևորություն։ Երբ շարունակում են անլուծելի մնալ կենսական նշանակության հարցեր, հանրության ուշադրությունը կարծես հատուկ սևեռում են այլ խնդիրների վրա։ Քանի շաբաթ է՝ մամուլի թոփ թեմա է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, կարծես որևէ այլ կարևոր հարց երկրում չկա, ընդ որում՝ խնդիրը ոչ այնքան հենց Սահմանադրական դատարանն է, որքան նրա գործող նախագահը՝ Հրայր Թովմասյանը ու նրա նկատմամբ Փաշինյանի հայտարարած պատերազմը։
Այնքան է ուռճացվել թեման, որ տպավորություն է՝ եթե վերջինիս հեռացնեն, ապա Հայաստանի բոլոր խնդիրները կլուծվեն, որ նա միայնակ կասեցրել է հեղափոխության հաղթական ընթացքը։ Հասարակ քաղաքացիների շրջանում էլ ձևավորում են կեղծ ընկալում, որ «հեսա դատավորների հարցը լուծեն, ամեն ինչ իր տեղը կընկնի»։ Ճիշտ ինչպես նախընտրական շրջանում, երբ շրջանառվում էր «մինչև արտահերթ ընտրություններ չլինեն» թեզը...Ինչևէ, վեթինգի «գործը» ձգձգվեց, քանի որ Վենետիկի հանձնաժողովը բառացիորեն հասկացրեց Հայաստանի իշխանությանը, որ իրավական ճանապարհով չեն գնում, սխալ ուղի են ընտրել, ուրիշ բան թող մտածեն, որը չի հակասի օրենքներին ու Սահմանադրությանը։
Եվ մամուլում արդեն տարածվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իշխանությունը պատրաստվում է նոր սահմանադրական հանրաքվե անցկացնել։
Գործող իշխանության համար վիճահարույցը Սահմանադրության 213-րդ հոդվածն է, որը թույլ է տալիս նախորդ իշխանությունների օրոք ընտրված դատավորներին պաշտոնավարել մինչև նախկինում սահմանված լիազորությունների ավարտը։ Վարչապետ Փաշինյանին այդ հոդվածը ընդհանրապես դուր չի գալիս, քանի որ նա չի ուզում աշխատել նախկին կադրերի հետ, նրան հաճելի է ՍԴ-ում ունենալ սեփական, հնազանդ կադրեր։ Նա դա կոչում է «անկախ դատարան», բայց անկախ՝ նախկին իշխանություններից, ոչ թե իրենից։ Հիմա իշխանության կենտրոնացման այդ անհագ ցանկությունն ու պայքարը հանրությանը ներկայացվում է՝ որպես «դատական բարեփոխումներ», «անկախ դատարանների ստեղծում», հանուն որի, եթե կարիք լինի, նոր հանրաքվե կանցկացնեն։
Այսինքն՝ երկրի առջև ծառացած լուրջ տնտեսական հարցերը թողած՝ պետական բյուջեից միջոցներ, հանրային մեծ ռեսուրս պետք է վատնեն Սահմանադրության ինչ-որ հոդված փոխելու համար։ Եվ այս իրավիճակում բոլորովին չի հետաքրքրում՝ արտագաղթը նոր թափ է հավաքում, թե՞ ոչ, հասարակության շրջանում խորանո՞ւմ են անվստահությունը և դժգոհությունները, թե ոչ, Սևանը ինքնամաքրվե՞ց, թե ոչ, Ադրբեջանի կողմից ավելի հաճախակիանո՞ւմ են սահմանին սադրանքները, թե ոչ, ի վերջո «տնտեսական հեղափոխություն» եղա՞վ, թե ոչ, և այլն, և այլն։ Մի խոսքով՝ անձերի շուրջ և անձնական հավակնությունների շուրջ պայքարը մատուցվում է՝ որպես ազգային նշանակության խնդիր, որին զուգահեռ իսկապես կենսական նշանակության հարցերը մնում են անտեսված ու չքննարկվող։ Ձևավորվում են կեղծ օրակարգեր, արհեստականորեն ուռճացվում, որպեսզի խուսափեն իրենց անմիջական պարտականությունների մասին հաշվետու լինելուց։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը