«Իրատես»-ը գրում է․ «Ցանկացած հեղափոխական գործընթաց, անկախ իր հռչակած նպատակներից և նույնիսկ իրականացման ձևերից, վերջնական արդյունքում ենթադրում է փոփոխություններ քաղաքական, տնտեսական, երբեմն կառավարման համակարգերում։ Ընդ որում, նման փոփոխությունները պետք է ունենան համակարգված ու խորքային բնույթ։ Դրանով էլ հենց պայմանավորված է լինում բուն հեղափոխության գաղափարը՝ ամեն ինչ տեղի է ունենում ոչ էվոլյուցիոն եղանակով։
Անկախ հռչակված նպատակներից և հռետորաբանությունից՝ աշխարհի բոլոր հեղափոխությունների պատմությունը և պրակտիկան ցույց են տալիս, որ, ի վերջո, այդ հեղափոխության առանցքում թե՛ իրագործողների, թե՛ կնքահայրերի կողմից դրվում է նաև սեփականության վերաբաշխման հարցը։ Կարող ենք դիտարկել տարբեր դարաշրջանների հեղափոխությունները, այդ թվում՝ վերջին 30 տարիների արյունալի, գունավոր, թե թավշյա իշխանափոխությունները, և կտեսնենք, որ այդ գործընթացները ուշ, թե շուտ հանգեցրել են սեփականության վերաբաշխման։
Իհարկե, միշտ որպես համակարգային փոփոխության օրինակ բերվում է անցյալ դարի սկզբին տեղի ունեցած Սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որի ժամանակ ամբողջ ունեցվածքը հանրայնացվեց։ Խորհրդային Միության փլուզումից հետո, ըստ էության, կատարվեց հակառակ գործընթացը. սկսվեց սոցիալիստական հեղափոխության տրամաբանությանը հակառակ պրոցեսը. հանրային սեփականությունը մասնավորեցվեց 1990-ականներին բնորոշ կրիմինալ մեթոդներով՝ ձևավորելով քրեաօլիգարխիկ համակարգերը։
Հետագայում թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ նույնիսկ Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխությունները այս կամ այն եղանակով հանգեցնում էին սեփականության վերաբաշխման։ Նախկին սեփականատերերին կամ ստիպում էին հանձնել ունեցվածքը, կամ այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ սեփականության ինչ-որ մաս փոխանցվում էր նոր իշխանության հետ սերտաճած մարդկանց, հաճախ նաև նոր իշխանության ներկայացուցիչներին։
Պատմական այս էքսկուրսը հուշում է, որ նույնիսկ ամենաթավշյա հեղափոխական գործընթացներն ուշ թե շուտ, այնուամենայնիվ, ինչ-որ փուլից սկսած բերում են մի հանգրվանի, երբ սկսվում է սեփականության վերաձևակերպման գործընթացը։
2018 թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմաթիվ անգամներ անդրադարձ է եղել սեփականության վերաբաշման թեմային։ Բազմիցս ասվել է, որ ոչ միայն վենդետաներ չեն իրականացվելու նախկին իշխանավորների և քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ, այլև չի լինելու կապիտալի վերաբաշխում։ Իհարկե, միշտ շեշտվում էր նաև, որ այնուամենայնիվ թալանվածը պետք է վերադարձվի։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ հռչակված գործընթացը, այնուամենայնիվ, կապիտալի վերաբաշխում ենթադրում է։Ինչպես տեսանք վերջին մեկ տարում, այդ գործընթացի սկիզբը Հայաստանում արդեն իսկ դրվել է։
Նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների առջև, որոնց անուններն անընդհատ հնչեցվում էին տարբեր ամբիոններից ու ընդդիմադիր մամուլում, ունեցվածքը կիսելու խնդիր դրվեց։ Նրանցից ոմանք կարծես թե իրենց հարցերը լուծել են, սակայն մինչ այժմ էլ անորոշ է, թե ունեցվածքն օրինականացնելու համար նախկին թալանչիները, օլիգարխներն ինչ գին են տվել։ Անհասկանալի է նաև, թե ինչ սկզբունքով, ինչ չափաբաժիններով են վերջիններս մուծվել և ամենակարևորը՝ ուր են գնացել այդ վճարները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը